Վեթինգն անհրաժեշտություն է, սակայն երիցս սխալ է դրա տարածումը սահմանափակել բացառապես դատական համակարգի վրա։ Քրեաօլիգարխիայի իշխանության քսան տարիներին պետական ողջ համակարգն ախտահարվել է ու անհրաժեշտություն է, որպեսզի զտման գործընթացը ներառի պետական բոլոր ինստիտուտները, այն կառույցները, որոնք համահայկական նշանակություն ունեն։ Հասարակությունը պետք է ճանաչի բոլոր այն մարդկանց, ովքեր կատարել են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ապօրինի հանձնարարությունները՝ դրա դիմաց ստանալով երկիրն անխնա թալանելու, հասարակությանը հարստահարելու ինդուլգենցիա։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախօրեին խորհրդակցություն է անցկացրել Համահայկական յոթերորդ խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ներկայացուցիչների հետ։ Զավեշտալի է, որ այս հանդիպմանը մասնակցել է Իշխան Զաքարյանը, որն ի զարմանս հասարակությանը, դեռևս շարունակում է ղեկավարել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն։ Առհասարակ զարմանալի է, որ Զաքարյանը թավշյա հեղափոխության հաղթանակից նույնիսկ մեկ տարի հետո պահպանում է իր պաշտոնը, ավելին՝ ընդունելության է արժանանում կառավարությունում՝ փաստորեն լեգիտիմացնելով իր կարգավիճակը։ Կրկնակի զարմանալի է այն հանգամանքը, որ Տիգրան Ավինյանը, կարծես, դառնում է կառավարության այն բարձրաստիճան պաշտոնյան, որը պարբերաբար «լուսանկարվում» է նախկին համակարգի նշանային դեմքերի հետ։ Հիշեցնենք, որ տակավին վերջերս՝ մայիսի 28-ին, Ավինյանը, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ընկերակցությամբ, Ապարանում մասնակցում էր Առաջին հանրապետության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումներին՝ գերադասելով վերջիներիս ընկերակցությունն այն տասնյակ հազարավոր մարդկանցից, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ հեղափոխությունը։
Իշխան Զաքարյանը տեղ չունի նոր Հայաստանի հանրային որևէ պաշտոնում։ Թերևս հարկ է հիշեցնել, որ Իշխան Զաքարյանը 1997-ից՝ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան գալուն պես, նրա հետ սերտաճած, նրա հովանավորությամբ հարստացած, մեր երկիրը թալանած ոճրագործ իշխանության ցցուն ներկայացուցիչ է։
Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ևս Իշխան Զաքարյանը շարունակել է իր ավարը։ Ասվածը հաստատող տասնյակ, հարյուրավոր հրապարակումներ կան, ու մեկ հոդվածը հաստատ չի բավականացնի Զաքարյանի կոռուպցիոն գործարքների նույնիսկ ցանկը թվարկելու համար։
Կոմսոմոլից սերված այս կադրը Երրորդ հանրապետությունում իր, այսպես կոչված, քաղաքական գործունեությունը սկսել է 1995-ից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, սակայն գործադիր իշխանության մեջ նրա «ծաղկումը» տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հայաստան է եկել ու վարչապետի պաշտոնում նշանակվել է Ռոբերտ Քոչարյանը։ Հենց նույն ժամանակ՝ 1997-ին, Զաքարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ ու այդ կարգավիճակում պաշտոնավարել է վեց տարի, այնուհետև դարձել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ։
Իշխան Զաքարյանը յուրօրինակ կամրջող «առաքելություն» է կատարել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահությունների ընթացքում՝ ամբողջացնելով քրեաօլիգարխիկ համակարգը, դրա միասնականությունն առերևույթ դրսևորվող հակասությունների համատեքստում։ Պատահական չէ, որ նա 2007-17թթ-ին զբաղեցրել է Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը։ Այդ տարիներին ՎՊ-ն եղել է կոռումպացված համակարգի կարևոր «մոդեռատորներից» մեկը, բացի դրանից՝ ասում են, թե Զաքարյանը վերահսկել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պայմանավորվածությունների ընթացքը։ Այլ խոսքով՝ նա ամենուր եղել է Ռոբերտ Քոչարյանի «աչքն ու ականջը»։
Ու բնավ պատահական չէ, որ անցած տարի նա ԲՀԿ միակ պատգամավորն էր, որը ստորագրեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքի նախաձեռնության տակ։ Իրազեկ աղբյուրները պնդում են, որ հենց Իշխան Զաքարյանն է եղել անցած տարվա խորհրդարանական «պուտչի» կազմակերպիչը, երբ հոկտեմբերի 2-ին ԱԺ երեք խմբակցությունները որոշել էին օրենսդրական փոփոխությունների միջոցով ճանապարհ հարթել հակահեղափոխական ռևանշի համար։
Այ, այսպիսի մարդու է օրերս կառավարությունում ընդունել Տիգրան Ավինյանը։ Առաջիկայում մենք հանգամանալից կանդրադառնանք Զաքարյանի կոռուպցիոն գործունեությանը, սակայն առայժմ կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին ու Սփյուռքի մեր հայրենակիցներին, կառույցներին ձերբազատվել նախկին համակարգի նշանային դեմքերից մեկը համարվող Իշխան Զաքարյանից։ Նրա ներկայությունն իսկ կարող է արժեզրկել ցանկացած գաղափար ու նպատակ, գրում է 1in.am:
0Comments