Հավայան հրաբուխների ազգային պարկում զբոսաշրջիկն ընկել է գործող Քիլաուեա հրաբխի խառնարանն այն բանից հետո, երբ անցել է պատնեշը՝ ձորն ավելի լավ տեսնելու համար, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով The New York Times-ին։
«Զբոսաշրջիկը 32-ամյա զինծառայող է, էքսկուրսիա է եկել Հավայան հրաբուխների ազգային պարկ, ընկել գործող Քիլաուեա հրաբխի խառնարան, երբ ցանկացել է ավելի լավ տեսնել ձորի համայնապատկերը։ Տղամարդը անցել է պատնեշը, սայթաքել եւ ցած ընկել ավելի քան 20 մետր»,- գրում է պարբերականը։
Փրկարարները եւ հրշեջները տուժողին փնտրել են ինը ժամ եւ նրան գտել խառնարանի մի նեղ ելուստում։ Պարանների օգնությամբ նրան վեր են բարձրացրել, իսկ հետո ուղարկել հոսպիտալ։
«Այցելուները երբեք չպետք է անցնեն պատնեշը, ամենավտանգավորը ձորի պռունկներն են, որոնք կարող են փլուզվել հենց ոտքերի տակ։ Դա կարող է հանգեցնել ոչ միայն վնասվածքների, այլ նաեւ մահվան»,- նշել է ազգային պարկի գլխավոր տեսուչ Ջոն Բրաուարդը։
Պարբերականի տվյալներով՝ տուժածը ծանր վնասվածքներ է ստացել, բայց բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը։
Քիլաուեա հրաբուխը վերջին անգամ ժայթքել է անցած տարվա մայիսին։
0Comments