Ո՞ր նախաճաշն է առավել օգտակար դիաբետիկներին

Մանրամասներ

2-րդ տիպի դիաբետով մարդիկ պետք է ուշադիր մոտենան նախաճաշի մթերքների ընտրությանը, պնդում  է Բրիտանական Կոլումբիայի համալսարանից Ջոնաթան Լիթլը: Դիաբետիկներին չեն համապատասխանում սովորական շիլան կամ փաթիլները, քանի որ ածխաջրեր շատ են պարունակում: Իսկ ահա, նախաճաշի համար ձվի ընտրությունը լավ ընտրություն է, կարծում է մասնագետը:

Մասնագետների խոսքով՝ դիաբետն ավելի հեշտ է վերահսկել, եթե նախաճաշը ճարպերով հագեցած է եւ ունի ածխաջրերի ցածր մակարդակ:

Անցկացվել է երկօրյա փորձ: Կամավորներին առաջին օրը տվել են ձվածեղ, իսկ երկրորդ օրը՝ մրգով վարսակաձավար: Ճաշը եւ ընթրիքը ոչ մի բանով չեն տարբերվել: Ընդ որում՝ կամավորները օրվա ընթացքում սարք են կրել, որը հետեւել է արյան մեջ  շաքարի մակարդակին: Նրանք նաեւ պատմել են, թե որքան քաղցած են եւ որքան հաճախ է առաջանում ինչ-որ քաղցր կամ աղի բան ուտելու ցանկությունը:

Պարզվել է, որ ածխաջրերի ցածր մակարդակով նախաճաշը լիովին ճնշել է սնունդն ընդունելուց հետո շաքարի մակարդակի բարձրացումը: Եվ սա թույլ է տվել օրվա ընթացքում ավելի լավ պահպանել շաքարի նորմալ մակարդակը: Իսկ շաքարի մակարդակի մեծ տատանումները, ինչպես հայտնի է, վնասում են անոթները, աչքերը, երիկամները: Նաեւ այն օրը, երբ ձվածեղ են տվել, կամավորները չեն գանգատվել, որ քաղցած  են եւ քաղցրի ձգտում ունեն: