«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման մեջ: Գործող օրենսդրության համաձայն, անձի կողմից ըստ փաստացի բնակության վայրի հաշվառման նպատակով՝ անձամբ կամ լիազորված անձի միջոցով միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) տարածքային ստորաբաժանում համապատասխան դիմում ներկայացնելուց, նշված հասցեում բնակվելու փաստը ստուգվում է ոստիկանի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Իրականացվում է բնակության վայրի փաստի ստուգում՝ կազմելով համապատասխան արձանագրություն։ Այնուհետև ոստիկանության կողմից փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկատվությունը տրամադրվում է ՄՔԾ ստորաբաժանմանը, որտեղ էլ 3-օրյա ժամկետում իրականացվում է անձի հաշվառումը (զինապարտների դեպքում պարտադիր է նաև անձի զինվորական հաշվառման կանգնելը համապատախան զինկոմիսարիատում, որից հետո միայն ՄՔԾ ստորաբաժանման կողմից իրականացվում է անձի հաշվառում)։
Ներկայացված նախագծով անձինք, որոնք ցանկանում են փոխել հաշվառումը, ստանում են հնարավորություն փաստացի բնակության վայրով հաշվառվելու՝ դիմելով առցանց հարթակի միջոցով (բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվառումն իրականացվում է առաջին անգամ, և անձը հնարավորություն չունի անցնելու խիստ նույնականացում նույնականացման քարտի կամ ժամանակավոր պաշտպանության վկայականի միջոցով, քանի որ եթե անձը չունի հաշվառում, վերջինիս օրենսդրությամբ առկա է մերժման հիմք ստանալու նույնականացման քարտ կամ ժամանակավոր պաշտպանության վկայական)։
Նախագծով սահմանվում է հարթակի միջոցով ներկայացված դիմումների կարգավիճակի վերաբերյալ դիմումատուներին հետագա պատշաճ ծանուցման գործընթացը՝ էլեկտրոնային փոստի հասցեն նշելու միջոցով։ Նախատեսվում է ծրագրային հնարավորություն՝ կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ տեղեկատվություն բնակչության պետական ռեգիստրից, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տվյալների շտեմարանից, կադաստրի տեղեկատվական շտեմարանից և հասցեների ռեգիստրից՝ «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին համապատասխան հարթակի միջոցով տվյալներ ստանալու հայտ ներկայացնելու փուլում։
Միևնույն ժամանակ հարթակի միջոցով հնարավորություն է ընձեռվում ներկայացնել պետական վճարումների էլեկտրոնային համակարգի (e-payments) միջոցով իրականացված առցանց վճարումների անդորրագրեր։ Ներկայիս գործող իրավակարգավորումները նպաստում են մեծաթիվ հերթերի առաջացմանը։ Խնդիրն առավել ցայտուն է դարձել ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց՝ հաշվառումները հաճախակի փոխելու հանգամանքով պայմանավորված։
Նախագծի ընդունման արդյունքում կկրճատվեն այցելությունների թիվը ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներ (2024 թ.-ի փաստացի բնակության հիմքով իրականացվել են մոտ 90000 հաշվառման գործողություններ), ինչը ևս կնպաստի հերթերի կրճատմանը, ինչպես նաև կկրճատվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, զինապարտ անձանց այցելությունը զինկոմիսարիատներ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
0Comments