ԷկոԼուրը գրում է.
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հասարակությունն ահազանգում է Արարատի մարզի Հովտաշեն գյուղում արագիլների անկման մասին, որի պատճառը թռչունների փետուրների յուղով պատված լինելն է, ինչի հետևանքով թռչունները չեն կարողացել թռչել և սատկել են:
Արարատի մարզի Հովտաշեն համայնքից Տեսչական մարմնի աշխատակիցները յուղոտված փետուրներով մեկ արագիլ են տեղափոխել ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ: Պարզվել է, որ առանձնյակն ամբողջությամբ պատված է եղել կեղտի ու ճենճի հաստ շերտով: Այս մասին իր էջում հայտնել է Լյուբա Բալյանը՝ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ից:
«Թռչնի ընդհանուր փետրավորման 80%-ը՝ հատկապես վերին ծածկող փետուրները, գլուխ, վիզ, առավել նվազ՝ թափահարողները ծածկված են յուղանյութով, ապա փոշիով: Առանձնյակը բավականին առողջ ու առույգ էր, սակայն փետուրների միահյուսվածության, դրանց վրա կուտակված փոշու, այնուհետև կոշտ շերտի ձևավորման պատճառով այն չի թռչում: Փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվեց, որ փետուրների վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ»,- գրել է նա:
Պարզվել է նաև, որ Հովտաշեն գյուղում արագիլների գրեթե 70%-ը գտնվում էր նույն վիճակում»:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում
0Comments