«Միր» վճարային համակարգը պաշտոնապես միացավ իրանական «Shetab»–ին

Մանրամասներ
«Միր» քարտ

Ռուսական «Միր» վճարային համակարգն այսօր պաշտոնապես միացավ իրանական «Shetab»–ին։ Իրանի քաղաքացիներն այսուհետ կկարողանան իրենց քարտերով ռուսական բանկոմատներից ռուբլով գումար հանել։ Տեղեկությունը հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:

«ԿԲ ղեկավարի ներկայությամբ ռուսական «Միր» վճարային համակարգը պաշտոնապես միացվեց իրանական «Shetab» բանկային ցանցին։ «Shetab»–ին «Միր»–ի միացման շնորհիվ իրանական քարտերը հնարավոր կլինի օգտագործել Ռուսաստանի բանկոմատներից գումար հանելու համար»,– ասված է իրանական գործակալության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Իրանում ռուսական բանկային քարտերից կանխիկ գումար հանել այս որոշման երկրորդ փուլում, իսկ երրորդ փուլում իրանական «Shetab» քարտերը հնարավոր կլինի օգտագործել ռուսական խանութներում:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում «Միր» վճարային համակարգը կսկսի գործել կես տարվա ընթացքում։

Ավելի վաղ՝ հուլիսի 6-ին, Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ռեզա Ֆարզինը հայտնել էր, որ Ռուսաստանն ու Իրանն ավարտել են «Միր» և «Shetab» համակարգերի ինտեգրումը: Բացի այդ, երկու երկրների ԿԲ ղեկավարները համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթների իրացվելիության մասին՝ երկկողմ առևտուրը հեշտացնելու համար։