Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ դաշինքի մեջ է․ Շարմազանովը՝ Փաշինյանի սխալ հաշվարկի մասին

Մանրամասներ
Շարմազանով

Հրաժարվելով ռուսական միջնորդությունից՝ Հայաստանի իշխանություններն արժանի այլընտրանք չգտան և մնացին մենակ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, որը խաղի կանոններ է թելադրում և ցանկացած պահի կարող է հրաժարվել ձեռք բերված պայմանավորվածություններից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Ինչպես հայտնի է, այս օրերին Բաքվում անցկացվում է COP-29 կլիմայական գագաթնաժողովը, որին հրավիրված է նաև Հայաստանը: ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում մեր երկրի մասնակցությունը կապել էր բանակցությունների ընդհանուր դինամիկայի հետ։ Սակայն այս պահին COP-29 մեկնելու որոշում դեռևս չկա: Ադրբեջանի ԱԳ նախարարն էլ Երևանի չմասնակցելը «բաց թողնված հնարավորություն» է անվանել:

Հայաստանյան ԶԼՄ-ներում ավելի վաղ հրապարակումներ են եղել այն մասին, որ Երևանը գագաթաժողովին իր մասնակցությունը պայմանավորում է Բաքվի բանտերից հայ գերիների ազատ արձակմամբ: Իշխանություններն այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատել, սակայն ճեպազրույցներից մեկի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ եթե Հայաստանի մասնակցության հարցը կապվի գերիների վերադարձի կամ որևէ այլ դրական որոշման հետ, ապա պետք է ներկա լինել: Նա նաև հայտնել էր, որ հոկտեմբերին Կազանում ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովում Փաշինյանն ու Ալիևը քննարկել են գերիների հարցը։

Շարմազանովն այս առնչությամբ առայժմ վաղաժամ է համարում հեռուն գնացող հետևություններ անելը։ Հաշվի առնելով, որ գագաթաժողովը կշարունակվի մինչև նոյեմբերի 22-ը, այնուամենայնիվ, Հայաստանի մասնակցության տեսական հնարավորություն դեռ կա։ Թեև հավանականությունն ավելի մեծ է, որ Երևանն այդպես էլ չի մասնակցի։ Եվ քանի որ հայկական կողմն ի սկզբանե, ինչպես կարելի էր հասկանալ, պայման էր առաջադրում գերիների գոնե մի մասի վերադարձը, կարելի է ասել, որ Ադրբեջանը մերժել է այդ նախապայմանը։

«Հնարավոր է՝ եղել են պայմանավորվածություններ, բայց հետո Բաքուն հրաժարվել է դրանք կատարել։ Կարող եմ ենթադրություններ անել, որ այս գործի քավորը եղել է ամերիկյան դեմոկրատական վարչակազմը, հետո ընտրություններում պարտվել են, պայմանավորվածությունները «ջրվել են»։ Միգուցե լրիվ ուրիշ բան կա։ Չեմ կարող ասել՝ էս վարչակարգն ինչ և ում միջնորդությամբ է բանակցում Ալիևի հետ։ Իրենք ասում են՝ մենք ուղիղ ենք բանակցում։ Ավելին` Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մերժեց ռուսական կողմի միջնորդությունը, դե ուղիղ բանակցություններն էլ էս է՝ Արցախը հայաթափվեց, ՀՀ 240 քառակուսի կմ տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ է, Ադրբեջանին ինչ պետք է, ստացավ»,- նշում է Շարմազանովը։

Նրա խոսքով՝ կարգավորման գործընթացը թեև դժվարությամբ, բայց ընթացել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում, որը ստորագրվել է Ռուսաստանի մասնակցությամբ։ Դրանում կար Արցախը՝ որպես առանձին սուբյեկտ, կար Լաչինի միջանցքը, Հայաստանի տարածքը օկուպացված չէր, սահմանազատման և սահմանագծման խնդիր գոյություն չուներ, Ադրբեջանը չէր համարձակվում չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Բայց ամեն ինչ փոխվեց 2022 թվականի ապրիլին, երբ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով Ռուսաստանի ժամանակավոր դժվարությունները, ռուսական զորքերի դուրսբերումը Կիևի և Չեռնիգովի մարզերից, անցավ բրյուսելյան հարթակ։ Նման վերակողմնորոշման հետևանքները բոլորին քաջ հայտնի են, իսկ Շառլ Միշելը հենց հիմա Բաքվում է և Ալիևի հետ մասնակցում է կլիմայական գագաթնաժողովին։

Շարմազանովը համոզված է, որ եթե Փաշինյանը չհեռանար բանակցությունների ռուսական հարթակից, ապա և՛ Արցախը, և՛ Լաչինի միջանցքը կպահպանվեին: Փոխարենը վարչապետը Ռուսաստանը և ՀԱՊԿ-ն անվանեց սպառնալիք, հրաժարվեց ՀԱՊԿ-ի օգնությունից, կազմակերպության շրջանակներում զորավարժություններից, ինչպես նաև եվրոպացի դիտորդներ հրավիրեց: Ի դեպ, դատելով Բաքվից վերջին տեղեկատվական արտահոսքերից` Ադրբեջանը խաղաղության պայմանագրի համաձայնեցման գործընթացում Հայաստանից պահանջում է ԵՄ մոնիտորինգային առաքելությունը դուրս բերել սահմանագծից։ Եվ, իբր, սա այն կետերից մեկն է, որի շուրջ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ։ Քաղաքական գործիչը չի ցանկանում կանխատեսել, թե արդյոք ԵՄ դիտորդները կլքեն Հայաստանը, բայց նման հավանականություն կա, քանի որ «մավրն իր գործն արել է, մավրը կարող է հեռանալ»:

Ըստ Շարմազանովի՝ Փաշինյանն ընկել է թուրքական թակարդը, թեպետ դժվարանում է ասել՝ իր ցանկությամբ է դա արել, թե ստիպված։

«ԵՄ առաքելությունն ի սկզբանե կոչված էր թուլացնելու Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում, և հանուն դրա Արևմուտքը, ինչպես պարզվեց, պատրաստ էր ամեն ինչի, ընդհուպ մինչև Ադրբեջանի կողմից Արցախի գրավմանը։ Արցախն այժմ կորսված է, հայաթափված, ռուս խաղաղապահներն էլ չկան։ Այս ֆոնին ԵՄ առաքելության հետագա մնալու անհրաժեշտությունը հարցականի տակ է։ Այն պետք չէ ո՛չ Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին։ Արդյունքում ի՞նչ ունենք՝ Ռուսաստանի և Իրանի հետ փչացրած կամ սառը հարաբերություններ, դաշնակիցների բացակայություն և նոր էսկալացիայի սպառնալիք։ Էրդողանն ու Ալիևը հիանալի օգտվեցին Փաշինյանի անհեռատես, չմտածված քաղաքականությունից»,- ասում է Շարմազանովը։

Հայաստանի վարչապետի հաշվարկը, ըստ Շարմազանովի, հիմնված է այն բանի վրա, որ Ռուսաստանն իբր վաղ թե ուշ կհեռանա տարածաշրջանից, իսկ Թուրքիան և Ադրբեջանը ոչ մի տեղ չեն գնա, և պետք է հաշտվել նրանց հետ։ Բայց նա նախ չի հասկանում, որ Անկարայի պանթյուրքիստական պլաններում չկա և չի լինի Հայաստանը՝ որպես ինքնուրույն քաղաքական գործոն։ Շարմազանովը շեշտում է՝ անկախ պետություն մնալու մեր հիմնական արտաքին երաշխիքը եղել են երկուսը՝ նախևառաջ Ռուսաստանը, ապա Իրանը։ Ըստ նրա՝ Ռուսաստանը ոչ մի տեղ էլ չի գնա տարածաշրջանից։ Հիշեցնում է՝ նա միայն վերջին 2 դարում հինգ անգամ կռվել է Թուրքիայի հետ հանուն Կովկասի, հարյուր հազարավոր ռուս զինվորներ զոհվել են այդ պատերազմներում։

«Այս ամենը չեն գիտակցում Հայաստանի իշխանությունները, որոնք հիմար թեզ են գրել, թե «ՀԱՊԿ-ը հեռանում է տարածաշրջանից»։ Տարածաշրջանից ոչ մի տեղ չեն հեռանում ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ Ռուսաստանը։ Ավելին, Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելով՝ Ռուսաստանը կավելացնի իր քաղաքական ակտիվները Հարավային Կովկասում»,–ասաց Էդուարդ Շարմազանվը։

Քաղաքական գործիչը վստահ է, որ Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ խորը և սերտ դաշինքի մեջ է։