Չարժի շատ խաբվել այն խոսակցություններին, որ Ադրբեջանում հակահայկականության նվազում կա

Փորձագետն ասաց, որ արժի զգուշանալ Ֆեյսբուքից, Ինսթագրամից ստացվող անհասկանալի նամակներից

Սումգայիթի ջարդերի հետ կապված Ադրբեջանում ձևավորել է միֆ ու հիմա դրա շուրջ են աշխատում։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Ադրբեջանը ներկայացնում է, որ հայերը նախօրոք ներթափանցել են Սումգայիթ, և հենց են հայերն իրականացրել  ջարդեր հայերի դեմ, որպեսզի սկսեն Արցախյան շարժումը»,-  նշեց նա։

Ս. Մարտիրոսյանի խոսքով, Ադրբեջանը  երկար ամիսներ փաստացի քարոզչական գործողությունները շատ թույլ էր իրականացնում, դրանք հիմնականում ռազմական թեմաների շուրջ էին, քաղաքական քարոզչությունն ինչ-որ պահի գրեթե զրոյացարել  էր։ Նա ենթադրում է,  որ չէին կարողանում կողմնորոշվել նոր հայաստանյան իշխանությունների  հետ ինչպես վարվել, հատկապես հաշվի առնելով նաև այն փաստը, որ միջազգային մեդիաներում Հայաստանի շուրջ աղմուկը բավականին ակտիվ էր։

«Վերջին 1-2 օրերին շատ կտրուկ աճել է հակահայկական քարոզչական գործողությունները  Խոջալուի իրադարձությունների շուրջ, փորձում են նաև արտահանել սրա շուրջ ստեղծված քարոզչական դրույթները դեպի այլ երկրներ։ Սրա շուրջ լուրջ ակտիվություն է՝ և քաղաքական լուրջ ներդրում կա, դեսպանատներն են ակտիվ աշխատել, և ֆինանսական լուրջ ներդրումներ։ Ռուսական լրատավամիջոցներն այս երկու օրերին միակողմանի ռեպորտաժներ են անում։ Ակնհայտ է, որ իրենց հետ լուրջ աշխատանք է արվել, որովհետև դժվար թէ այդքան սևեռված, միակողմանի հետաքրքրություն լիներ այն թեմաների շուրջ, որոնք այսօր Ռուսաստանի  հասարակությանը չեն հետաքրքրում»,- ասաց փորձագետը։ 

Ս. Մարտիրոսյանի խոսքով, փետրվարը երկկողմանի քարոզչական ամիս է, բայց այս տարի ադրբեջանական կողմից գործողություններն ավելի լայնամասշտաբ են։

«Նկատվում է միտում, աշխատանք լրագրողների, լրատվամիջոցների հետ, աշխատանք սև ցուցակում հայտնված տարբեր քաղաքական կամ մեդիա դաշտի, հասարական գործիչների հետ, փորձում են դարձի բերել մարդկանց։ Իհարկե,  եզակի դեպքեր են, բայց ակնհայտ երևում է, որ մարդիկ հանրայնորեն ներողություն են խնդրում, փորձում են Ադրբեջանի սև ցուցակից դուրս գալ, որոնք հայտնվել են այնտեղ Արցախ այցելելու համար։ Նկատվում է, որ թիրախային աշխատանք է արվում  հանրային, մեդիա ոլորտում»,- ասաց մեդիափորձագետը։ 

Նա նշեց, որ ռուսաստանյան մամուլում միշտ հետևյալ իրավիճակն է եղել՝ Ադրբեջանը կարողացել է փողով դնել իր հոդվածը, Հայաստանը կարողացել է  առանց փող պատասխան հոդվածը ստանալ, կամ մի քիչ ավելի զուսպ են եղել. «Այսօր ռուսաստանյան մամուլը պարբերաբար Հայաստանին  թեթև կծում է։ Մեդիադաշտում լարվածություն նկատվում է։ Ռուսաստանի խմբագրերը, լրագրողները դժվարությամբ են ընկալում այսօրվա հայաստանյան քաղաքականությունը, որը դուրս է այն սխեմաներից, որոնք կան ԵԱՏՄ բոլոր երկրներում»։

Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, չարժի շատ խաբվել այն խոսակցություններին, որ Ադրբեջանում հակահայկականության նվազում կա։ Նա նաև նշեց, որ եթե նույնիսկ Ադրբեջանում  հակահայկական քարոզչությունը զորյացվի, տարիների ընթացքում այնքան թույն է այնտեղ լցվել, դեռ երկար ժամանակ պետք է անցնի, որպեսզի դետոքսիկացիա լինի։

Հարցին, թե այդոք այսօր ադրբեջանական մամուլից շատ նյութեր են ներթափանցվում հայկական մեդիա, Ս. Մարտիրոսյանն ասաց, որ հայկական մամուլն այսօր  ողբերգական իրավիճակում է, ներգրաված է ներքաղաքական ճղճիմ պատերազմի մեջ։

«Եթե նախկինում ներթափանցումը լինում էր անգրագիտության հետևանքով, հիմա միտումնավոր, որովհետև այդ պահին ներքաղաքական շահերը  պատվիրատուի համընկնում է  Ադրբեջանի թեզերի հետ։ Ցավոք սրտի, ներքաղաքական իրավիճակը բավականին լուրջ խնդիր է նաև այս դաշտում»,- ասաց Ս. Մարտիրոսյանը։

Հարցին, թե Հայաստանում պետական մակարդակով տեղեկատվական անվտանգության խնդիրներն այսօր առաջնահերթ չեն, կեղծ օրակարգեր են մեջ նետվում՝ շեղելով հասարակությանը, Ս.Մարտիրոսյանը պատասխանեց. «Կեղծ օրակարգը ներքաղաքական դաշտում  բոլոր ճամբարների համար այսօր դարձել է հիմնական ֆուտբոլի գնդակը։ Մենք ընկած ենք անհեթեթ խնդիրներ լուծելով՝ թողած լուրջ խնդիրները։ Ամենամեծ ողբերգությունն այն է, որ քաղաքական դաշտի հիմնական դերակատարներին այս պահին այս վիճակը դուր է գալիս»։

Պատասխանելով հարցին, թե հիշարժան օրերին մեծ քանակությամբ օգտատերերի հաշիվներ են կոտրում, այս փուլում ի՞նչ ունենք, ակտիվություն կա՞, փորձագետն ասաց, որ արժի զգուշանալ Ֆեյսբուքից, Ինսթագրամից ստացվող անհասկանալի նամակներից, ստանալու դեպքում պետք չէ սեղմել այնտեղ նշված հղումը, որովհետև հիմնականում այդպես են կոտրում։

«Այս օրերին արժի մի քիչ զգույշ լինել»,- խորհուրդ տվեց մեդիափորձագետը։