«Հեզբոլլահը» կպայքարի այնտեղ, որտեղ իսրայելցիները չեն էլ կարող պատկերացնել. Շեյխ Նաիմ Քասեմ

Մանրամասներ
լիբանան

Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման առաջնորդի տեղակալ շեյխ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ շարժումը շարունակելու է սահմանամերձ պայքարը Գազային աջակցելու համար և «կպայքարի այնտեղ, որտեղ իսրայելցիները չեն էլ կարող պատկերացնել», news.am-ի փոխանցմամբ՝ գրում է Al Manar-ը։

«Իսրայելցի վերաբնակիչները չեն վերադառնա Հյուսիս, քանի դեռ իսրայելական թշնամին չի համաձայնել Գազայում կրակի դադարեցմանը», - ասել է նա։

Բեյրութի Դահիյա արվարձանում ջիհադիստների ավագ հրամանատար Իբրահիմ Աքիլի և Մահմուդ Համադի թաղման արարողության ժամանակ ելույթ ունենալիս շեյխ Քասեմը նշել է, որ Աքիլը «Հեզբոլլահի» գործողությունների հրամանատարն էր և «Ալ-Ռադվան» ուժերի հիմնադիրը:

Շեյխ Քասեմը նշել է, որ «նահատակ Աքիլը եղել է իսրայելական և թաքֆիրական թշնամիների դեմ բոլոր մարտադաշտերում»:

«Հեզբոլլահի» հրամանատար Իբրահիմ Աքիլը և շարժման 15 այլ անդամներ, ինչպես նաև մի քանի խաղաղ բնակիչներ սպանվել են ուրբաթ օրը Բեյրութի արվարձան Դահիյայի վրա իսրայելական ավիահարվածի ժամանակ: