«Հեզբոլլահը» հայտարարել է Լիբանանում զանգվածային սպանություններին իր «նախնական» պատասխանի մասին

Մանրամասներ
Իսրայել

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն այսօր առավոտյան երեք գործողություն է իրականացրել Իսրայելի տարածքում գտնվող թիրախների դեմ՝ ի պատասխան Լիբանանում անցած շաբաթ քաղաքացիական անձանց զանգվածային սպանությունների, հայտնում է Al Mayadeen-ը:

Առաջին գործողության ընթացքում, ըստ հայտարարության, շարժումը տասնյակ «Ֆադի-1» և «Ֆադի-2» հրթիռներ է արձակել իսրայելական ռազմաբազայի և Ռամաթ Դավիդ օդանավակայանի ուղղությամբ։

Նույն թիրախների դեմ իրականացվել է  նաև երկրորդ գործողությունը՝ նույն տեսակի տասնյակ հրթիռներով։

Շարժման երրորդ գործողության ժամանակ տեղական ժամանակով ժամը 06:30-ին հարված է հասցվել «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրին, որը մասնագիտացած է էլեկտրոնային սարքավորումների մեջ և գտնվում է Զվուլուն հովտում՝ Հայֆա քաղաքից հյուսիս, և որի վրա «Ֆադի» և «Կատյուշա» տեսկի տասնյակ հրթիռներ են արձակվել։

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ Լիբանանի տարածքից մոտ 100 հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։