2020 թվականին՝ կորոնավիրուսի համավարակի օրերին, մի շարք սահմանափակումներ էին գործում։ Քաղաքացիներին թույլատրվում էր տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ գնումների, աշխատանքի կամ առողջական խնդիրները լուծելու համար։ Մտցվել էր տեղաշարժման թերթիկների պարտադիր օգտագործման պահանջ։ Արմեն Խալոյանին, որը անօթևան էր, տուգանել էին տանը չգտնվելու համար։
Hetq.am-ը հայտնում է, որ Արմեն Խալոյանն արդեն 20 տարուց ավել է, ինչ ապրում է փողոցում։ 2003 թվականին, երբ նա Լատվիայից վերադարձել է Հայաստան, իր տան դուռը փակ է գտել։ Չեխովի փողոցի 33 շենքի 7-րդ բնակարանը, որը մինչև 1999 թվականը պատկանել է Արմենին և նրա մորը՝ Լիզա Սարգսյանին, վաճառվել է։ Արմեն Խալոյանի պնդմամբ՝ թեև ինքը եղել է բնակարանի համասեփականատեր, առուվաճառքի գործարքը տեղի է ունեցել առանց իր գիտության և համաձայնության։ Բնակարանի վաճառքից կարճ ժամանակ անց Լիզա Սարգսյանը մահացել է։
Արմենը փորձել է դատական ճանապարհով հետ բերել իր տունը, սակայն չի հաջողվել։ Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրա բողոքը և անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրը, սակայն Վերաքննիչ դատարանը կայացրել է վճիռ՝ հօգուտ գնորդի։
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Արմեն Խալոյանը շարունակում էր ապրել փողոցում։ Ոստիկանության աշխատակիցները բազմիցս տուգանել են նրան՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու, տանից դուրս գտնվելու և դիմակ չկրելու համար։ Ընդհանուր տուգանքը կազմել է մոտ 300 հազար դրամ։ «Եթե տուն չունեմ, ինչպես պետք է տանը մնայի։ Դիմակ գնելու համար գումար էլ չունեի։ Խնդրել եմ ոստիկաններին դիմակ տրամադրել, սակայն մերժել են»,- ասում է Արմենը։
Խալոյանն այս տարի աշխատանք է գտել։ Ապրիլից նա աշխատում էր «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ում, որպես պահակ։ Սակայն Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հինգ ամիս շարունակ պահումներ է արել նրա աշխատավարձից՝ մոտ 200,000 դրամ։ «Օգոստոսին ինձ կանչեցին ու ասացին, որ այլևս չեմ աշխատելու այնտեղ, որովհետև իրենց հանցագործներ պետք չեն։ Եթե տուգանվել եմ դիմակ չկրելու համար, ուրեմն հանցագո՞րծ եմ»,– հարցնում է Արմեն Խալոյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
0Comments