Լրագրողների հետ զրույցում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ տրանսպորտի ոլորտում 15 տարվա խնդիրը քաղաքապետարանը փորձելու է 2 տարվա մեջ լուծել: Ինքնին ձևակերպումը, անկեղծ ասած, անհասկանալի է: Հիմա փորձելու՞ եք, թե՞՝ կլուծեք:
Ընդհանրպես շատ հետաքրքիր ավանդույթ է ձևավորվում իշխանական համակարգում: Մեզ անընդհատ կարծես թե ասեն. «Դե ի՞նչ եք ուզում, նախկինները էնքան վատն էին, որ դրանց ձախողումները չեն թողնում, որ մենք աշխատենք»:
Բայց, հարգելինե՛րս, խնդիրը նրանում է, որ երկրում իշխանափոխություն է տեղի ունեցել հենց այն պատճառով, որ բոլորս էլ գիտակցում էինք, որ երկրում իրավիճակը վատ է: Այսինքն, մեզ պետք չէ դրա մասին անընդհատ հիշեցնել:
Մեզ պետք է ստեղծված իրավիճակից ելքեր ցույց տաք: Ասեմ ավելին, եթե խնդրի լուծումները փնտրելով զբաղվեին նախորդ իշխանությունները, մենք դա դեռ կկարողանայինք հասկանալ, քանի որ նրանց իշխանությունը շարունակական էր, այսպես ասած, և նույն մարդիկ, ովքեր ձախողվել էին, պետք է որ նոր ելքեր փնտրեինք, քանի որ նրանց նախորդ մոտեցումները չեն արդարացրել իրենց:
Բայց եթե տեղի է ունենում քաղաքական թիմի փոփոխություն (կապ չունի՝ ընտրությունների, թե՛ իշխանափոխության միջոցով), ապա ենթադրվում է, որ նոր եկած քաղաքական թիմը, որը դրանից առաջ ընդդիմություն էր, պետք է որ արդեն պատրաստի լուծումներ ու ծրագրեր ունենար: Առավել ևս, եթե խնդիրները, ինչպես գործող իշխանություններն են մեզ անընդհատ ասում, 10-15-20 տարվա պատմություն ունեն:
Իսկ եթե պատրաստի ծրագրեր չկան, ապա կա՛մ ընդդիմությունը չէր աշխատում ու պարզապես պոպուլիզմով էր զբաղված՝ ընդդիմություն ձևանալով, ընդամենը քննադատելով ու հարցերի լուծումներ չփնտրելով, կա՛մ, գալով իշխանությանը, հասկացել են, որ իրենց մշակված ծրագրերն իրատեսական չեն, և խնդիրներն իրականում շատ ավելի բարդ են, քան թվում էին, ինչը նույնպես պրոֆեսիոնալիզմի մասին չի խոսում: Եվ այս դեպքում հարց է առաջանում. բա էլ ինչո՞վ եք տարբերվելու նախորդներից:
Ամեն դեպքում, մեզ «էշ, մի սատկի, գարուն կգա» ոճի հայտարարություններ պետք չեն: Մեզ պատրաստի լուծումներ են պետք, որոնք պետք է մշակված լինեին դեռ մինչև իշխանափոխություն: Այլապես այս ամենը վերածվում է պարզապես աթոռակռվի:
Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից
0Comments