«Թուրքիա-Իսրայել տանդեմի քայլերը տանում են դեպի Իրանի դեմ ռազմական գործողությունների»․ Կարեն Հովհաննիսյան

Մանրամասներ
կարեն հովհաննիսյան

Ռազմական փորձագետ կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն, որ 2020թ-ի 44-օրյա պատերազմից հետո, կամ ռազմական ակտիվ գործողությունների դադարից հետո նոր ռազմական գործողությունների վտանգը չի չեզոքացվել, դա մշտապես բարձրաձայնել եմ։

Այն, որ Բաքվի բռնապետն անընդհատ սուր է ճոճում գլխներիս այս, կամ այն հարցի լուծումը ստանալու համար, դա էլ է փաստ։ Ժամանակ առ ժամանակ նոր ռազմական գործողությունների վերսկսման վտանգը մեծացել է, նվազել է՝ կախված ինչպես մեր վարած քաղաքականությունից, այնպես էլ աշխարհաքաղաքական իրավիճակից։

Հիմա Մերձավոր Արևելքում դեպքերն այնպես են զարգացել, որ պետք է Իրանին ներքաշեն պատերազմի մեջ։ Այո, այժմ Թուրքիա-Իսրայել տանդեմի բոլոր գործողությունները տանում են դեպի Իրանի դեմ ռազմական ակտիվ գործողությունների։

Որքան էլ Թուրքիան ցույց տա, թե Իսրայելի հետ թշնամի է, միևնույն է, իրենց գործողությունները մեկը մյուսին լրացնող են։ Վերադառնանք մեր տարածաշրջան։ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների սկսման դեպքում չի բացառվում, որ միաժամանակ նաև ՀՀ-ի դեմ Ադրբեջանը սկսի գործողություններ, նույնիսկ հնարավոր է, որ առանց Իրանի դեմ գործողությունների դա լինի։ Այսինքն, Իրանին հասցնեն մի այնպիսի իրավիճակի, որ Իրանը ոչինչ չկարողանա անել, երբ ՀՀ-ի դեմ գործողություններ լինեն, չկարողանան անել, որպեսզի ինքն էլ չներքաշվի պատերազմի մեջ։ Իսրայելը մի նոր, վտանգավոր քայլ արեց, որը նախադեպային կարող է դառնալ ու ամեն ինչ փոխել տարածաշրջանում։

Սիրիայում նա խախտեց բոլոր տեսակի պայմանագրերն ու պայմանավորվածությունները, որոնք կային 1970-ականներից, և իր համար սկսեց գծել նոր սահմաններ։ Ի դեպ սրանց մասին նա բացահայտ նաև հայտարարեց, առանց կաշկանդվելու։ Սիրիան դարձավ Սիրիա նրա համար, որ այլևս չուներ բանակ, որ այլևս իրենց ոչ մի ուժ չէր ներկայացնում։

Կրկին գամ մեր տարածաշրջան։ Մեր բանակի ամեն մի մազաչափ հաջողությունը, վերազինումը, ուժեղացումը մեկ սանտիմետրով հետ է պահում Ադրբեջանին մեզ վրա հարձակվելու մտքից։ Որքան ուժեղ լինի բանակը, այնքան հեռու կլինի պատերազմը, պատահական չէ, որ Ադրբեջանը դեռ շարունակում է ակտիվորեն զինվել ու զինվել»։