Եթե այսօր գերիները չվերադարձվեն, հետագայում այդ հավանականությունը ձգտում է զրոյի. Արթուր Խաչատրյան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Անցյալ տարի դեկտեմբերին Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի աշխատակազմը միասին հայտարարություն տարածեցին՝ գուժելով, որ Հայաստանի Հանրապետությունն աջակցում է Ադրբեջանին կամ իր աջակցությունն է հայտնում, որ Ադրբեջանում կազմակերպվի COP29։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկման ժամանակ:

«Մի երկրում, որն այդ պահի դրությամբ բռնազավթել էր Արցախի Հանրապետությունը, էթնիկ զտման, որը ցեղասպանության մի տեսակ է, ենթարկել էր Արցախի Հանրապետության բնակիչներին, գերեվարել էր մեր հայրենակիցներին, ներառյալ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը, գտնվում էր Հայաստանի Հանրապետության տարածքում, զավթել էր ՀՀ տարածքի մի հատված, չէր վերացրել շրջափակումը, շարունակաբար հոխորտում և սպառնում էր Հայաստանի Հանրապետությանը։ Փոխարենը Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 32 գերի»,- ասաց նա:

Խաչատրյանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է գերիներին որպես լծակ օգտագործել Հայաստանի Հանրապետության դեմ. «Այսօր քանի գերի մենք ունենք՝ Հայաստանի ու Արցախի քաղաքացիներ, որոնք  պահվում են Ադրբեջանում։ Հստակ թիվը, անուն-ազգանուններով հրապարակված չի, մենք չգիտենք քանի հոգի են։ Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանը շարունակելու է գերիներին օգտագործել որպես լծակ Հայաստանի Հանրապետության դեմ։ Ե՞րբ կկարողանանք կանխել, ե՞րբ կկարողանանք Հայաստանի գլխից հեռացնել այդ դամոկլյան սուրը, երբ այլևս Ադրբեջանում գերիներ չունենանք։ Ո՞րն է ամենապատեհ առիթը պահանջելու, որ արցախցիները և ՀՀ մեր հայրենակիցները վերադարձվեն, եթե ոչ COP29-ը»,-ասաց նա:

Խաչատրյանը նկատեց, որ եթե այսօր գերիները չվերադարձվեն, ապա հավանականությունը, որ տեսանելի ապագայում կվերադարձվեն, ձգտում է զրոյի։ «Միգուցե ընտրություններից առաջ ինչ-որ լավություն անեն, ում՝ պարզ է։ Բայց այսօր մենք պետք է օգտագործենք այս առիթը՝ պահանջելու բոլորի վերադարձը: Այլապես ի՞նչ ենք մենք տեսնում։ Եվրախորհրդարանը հանդես է գալիս գերիների վերադարձի պահանջով, տարբեր երկրներ՝ բարձրագույն մակարդակով, պահանջում են վերադարձնել մեր գերիներին, ստեղծվել է նախաձեռնող խումբ, այլազգիները ակտիվորեն մասնակցում են այդ հարցում, Հայաստանի իշխանությունը լուռ է։

Հիմա պատկերացրեք ջանքերը, գնում-ասում ես՝ պահանջե՛ք, իրենք ասում են՝ բա Հայաստանը ինչու՞ է լուռ։ Եվ իրոք, ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետությունը լուռ, ինչո՞ւ պահանջ չի հնչեցնում։ Կասեք՝ դիվանագիտությունը ամեն ինչ չէ, որ բարձրաձայն ասվում է։ Բարձրաձայն չասվող դիվանագիտության արդյունքները մենք դարձյալ տեսնում ենք, որևէ առաջընթաց չկա։ Մեր եղբայրները ոչ թե վեց ամիս, շատերը համարյա չորս տարի է՝ դիմանում են»,- ասաց Խաչատրյանը: