8 մլն դոլար տվել, արբանյակ են ուղարկել, հիմա էլ հպարտ ասում են, թե մի քանի լուսանկարներ կստանան. Դանիելյան

Մանրամասներ
Գառնիկ Դանիելյան

Հայաստանի պետական պարտքն ամեն օր աճում է շուրջ 2,5 մլրդ դրամով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Յուրաքանչյուր քաղաքացու հաշվարկով դա շուրջ 5 հազար դոլար է: Այս ամբողջ իրականության մեջ բյուջեի  հսկայածավալ վատնումներ են տեղի ունենում: Օրինակ տարբեր համերգների, Սնուփ Դոգի ականջը կանչի, 6 մլն դոլար մենակ գնացել է նրա վրա, ու հիմա չգիտեն՝ երբ կլինի, ինչ կլինի: Տիեզերք արբանյակ են ուղարկում՝ 8 մլն դոլար: Հիմա էլ  հպարտ հայտարարում են, որ էդ 8 մլն-ը տրինաժոր է, որից պետք է մի քանի լուսանկար ստանան: Էլ չեմ ասում, որ հսկայական գումարներ են գնում հեծանվային արշավների վրա, չեմ խոսում համերգների, ֆեստիվառների մասին: Այս ամենը մեր քաղաքացիների հաշվին:

Հիմա էլ որոշել են հունվարի 1-ից թանկացնել տրանսպորտը, ու դա ցույց են տալիս, թե ինչ մեծ հաջողություն է տեղի ունեցել: 90 հազար դրամ կազմելու է մեկ տարվա ուղեվարձի գինը: Հիմա, որ թոշակառուն 30 հազար դրամ է ստանում, 3 ամիս էդ թոշակը պետք է միայն տրանսպորտի վրա ծախսի: Խոսքը տրանսպորտի եռակի թանկացման մասին է:

Բայց սա չի վերաբերում իշխանություններին, որոնք ինչպես շարունակել են իրենց թանկարժեք կյանքը, ճանապարհորդությունները, հիմա էլ շարունակում են: Ի՞նչ է սա, եթե ոչ թալան ու անարգանք սեփական քաղաքացիների նկատմամբ»,- հայտարարեց պատգամավորը: