ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դռնես սառնարան, սառեցնես, հետո հանես: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ թեեւ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ սառեցրել են ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը, սակայն չեն խոչնդոտում ՀԱՊԿ որոշումների ընդունմանը:
«Պետք է կողմնորոշվես կամ-կամ: Հիմա, այս իշխանությունները ասում են՝ լավ, մենք դիվերսիֆիկացնում ենք: Որ ուղղությամբ, որ ուզում են դիվերսիֆիկացնեն, այդ ուղղությունը երևելի ոգևորություն ցույց չի տալիս։ Մենք չենք տեսել, որ ՆԱՏՕ-ն ասի՝ եկեք մեր մոտ մասնակցեք զորավարժությունների։
ՀԱՊԿ էլ չեն գնում, որովհետեւ իմ կարծիքով, Ադրբեջանը թույլ չի տալիս։ Ադրբեջանը հայտարարել է, որ հենց Հայաստանը քայլեր ձեռնարկի իր ռազմական պոտենցիալը մեծացնելու ուղղությամբ, մենք հակառակ քայլեր կձեռնարկենք։ Ակնհայտ է, որ ցանկացած ռազմական զորավարժության մասնակցելը մեծացնում է քո զինվորական պոտենցիալը:
Իրավունք ունե՞մ ասել՝ որովհետև վախենում են Ադրբեջանից։ Չեմ բացառում, որ վախենում են Ադրբեջանին թթու խոսք ասել:
Նույն Հռոմի ստատուտի հետ կապված վախենում են Ադրբեջանից, դրա համար ստել են, խաբել են, իրենց խոստումը չեն կատարում։ Խաբել են և, օրինակ, Ալիևի դեմ գործ չեն հարուցում։ Ավելին ասեմ, Ադրբեջանի ճնշման ներքո վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են հայցերը հետ քաշել երկկողմանի»,- հայտարարեց ընդիմադիր պատգամավորը:
Հարցին՝ այդ դեպքում ինչու ՀՀ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը, նա պատասխանեց. «Որովհետև կարծել են, որ նման քայլերով կկարողանան ստանալ Արևմուտքի, մասնավորապես Եվրոպայի բարեհաճ վերաբերմունքը, բայց Եվրոպան ապրիլի 5-ին գիծը քաշեց, ասաց՝ մեր հարաբերությունները CEPA-ով են կարգավորվում»:
0Comments