Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը. Shamshyan.com

Մանրամասներ
4

Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց 119 հասցեում գործող «ՎԻ ԸՆԴ ՎԻ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում գողություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում  է shamshyan.com–ը։

Պարզվել է, որ հունվարի 1-ին ժամը 01:20-ից մինչև հունվարի 3-ը ժամը 05:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են ընկերության դուռը, մտել ներս, ապա «ՎԻ ԸՆԴ ՎԻ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի մի քանի սենյակներում տակնուվրա են արել իրերը և իրենց հետ տարել են չհրկիզվող պահարանը։

Պարեկներն ու ոստիկանները չհրկիզվող պահարանի մեջ եղած որոշ իրեր, այդ թվում՝ կնիքներ, ավտոմեքենաների պահեստային բանալիներ, հայտնաբերել են դրսում։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ նշված ընկերությունը վարձակալական հիմունքներով է այդ տարածքում գործունեություն ծավալում և բեռնափոխադրումներ է իրականացնում։