ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը բերման է ենթարկվել ՌԴ Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, ապա ազատ արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ռուսական ԶԼՄ–ներն ու Telegram–յան ալիքներն այսօր գրել էին, որ Կարապետյանին ձերբակալել են Մոսկվայում։ Ավելի ուշ նա ասել էր, որ իրեն ոչ թե բերման են ենթարկել, այլ հրավիրել են զրուցելու։
«ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկության համաձայն` Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 29-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, ապա ազատ արձակվել»,– ասաց նա։
Արշակ Կարապետյանը 2024 թվականի դեկտեմբերի 5-ից ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից հետախուզվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 308-րդ հոդ 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 38-308-րդ հոդ 1-ին մասի և 38-375-րդ հոդ 1-ին մասի մեղադրանքով, իսկ որպես խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը:
Վերջինիս նկատմամբ հայտարարված է նաև միջպետական հետախուզում:
0Comments