Ջհանդամ գյոռ, դուք չեք ասում՝ ես ասեմ. 20 366 մարդ է հեռացել երկրից, աշխատատեղերն էլ կրճատվել են. Արթուր Խաչատրյան

Մանրամասներ
աժ

Երբ ասում եք, որ հերոս հանրային ծառայողները իրենց մասնավոր միլիոնանոց աշխատանքը թողել, եկել են պետական սեկտորում են աշխատում, միանգամից հիշում եմ ձեր կառավարության Տաթեւիկ Ռեւազյանին, ով դրանով էր հպարտանում, բայց ով այլանդակեց ՀՀ ավիացիան, որ  մինչեւ հիմա չեք կարողանում իր գցած փոսից հանել: Այս մասին,Նյուզի փոխանցմամբ,  այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում 2025-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Խոսում եք արտագաղթի անիվը հետ պտտելու մասին: Ինձ կասե՞ք, թե այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստանից ՀՀ անձնագիր ունեցող քանի քաղաքացի է մեկնել: Սալդոյի մասին եմ խոսում:

Ասում էիք՝ աշխատատեղեր են ստեղծվել: Խնդրում եմ ասեք այս տարվա առաջին 6 ամիսներին ՀՀ-ում կրճատված աշխատատեղերի քանակի մասին, մասնավոր սեկտորում։

Երրորդը, ասում եք՝ ծախսերի արդյունավետություն: ինչո՞ւ ձեր կառավարությունն այս տարվա բյուջեի մեջ հանկարծ որոշեց 3-րդ հավելվածից հանել միջոցառումների նկարագրությունը՝ դրանով ծրագրային բյուջեն դեգրադացնելով եւ բերելով ծախսային բյուջեի: Ինձ հետաքրքիր է, դա կառավարության գիտակցված քաղաքականությունն է, թե ոլորտային նախարարություններն այնքան վատ նկարագրություն են բերել,լ որ դուք ամաչել եք դա այստեղ ներկայացնել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ի պատասխան ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախ ասաց, որ հիմա կդժվրանա այդ բոլոր թվերը ներկայացնել, բայց գրավոր կներկայացնեն, ապա շարունակեց. «Կարծում եմ՝ աշխատատեղեր կրճատվում են եւ ավելանում են: Այստեղ կարեւոր է սալդոն: Այո, կարող են աշխատատեղեր կրճատվել եւ մարդիկ մի տեղից տեղափոխվեն մի ուրիշ տեղ:

Ինչ վերաբերում է հավելվածից նկարագրությունը հանելոն, մենք նպատակ ենք հետապնդում բյուջետային փաստաթուղթը հնարավորինս թեթեւացնել ու մատչելի դարձնել»:

Արթուր Խաչատրյանն էլ հայտարարեց. «Դուք չեք ասում, ես ասեմ, ջհանդամ գյոռ: Ուրեմն երկրորդ եռամսյակում նոր ստեղծված աշխատատեղեր՝ 15 700, կրճատված աշխատատեղեր՝ 16 900: Այսինքն մենք տեսնում ենք, որ աշխատատեղերը կրճատվում են: Դուք խոսում եք, որ հեսա-հեսա գալու ենք, շրջենք պատմության անիվը, բայց Հայաստանի փաստաթղթերով բացասական սալդոն կազմում է 20 366 մարդ»:

Ֆինանսների նախարարի խոսքով, զբաղվածության ուցանիշները եռամսյակներով նայելը ճիշտ չէ, քանի որ կա սեզոնայնության էֆեկտը: