«Մեր երկրի բոլոր ինստիտուտներն աշխատում են նույնիսկ այն ժամանակ, երբ ես հեծանիվ եմ քշում»: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Դրա համար, երբ մենք խոսում ենք ինստիտուցիոնալ կայացման մասին, հենց ինստիտուտցիոնալ կայացումն այն է, որ ինստիտուտներն աշխատում են և ինստիտուտների աշխատանքը վարչապետի՝ այդ պահին, այսպես ասած, «պուլտի» մոտ լինելուց չի կախված, որովհետև այդ դեպքում հարց է առաջանում՝ որ քնած է վարչապետը, թե՞ կանխավարկածն այն է, որ պիտի չքնի: Եթե քնած է վարչապետը, երկրում ինստիտուտները ո՞նց են աշխատում»,–հավելել է նա:
Անդրադառնալով հանրության շրջանում ձևավորված խոսույթին այն մասին, որ անվտանգային խնդիրներ ունեցող երկրի ղեկավարը հեծանիվ է վարում կամ ձվածեղ պատրաստում և սոցցաներցում տեսանյութեր տեղադրում, Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Ձվածեղ են սարքում, հեծանիվ են քշում: Իրականում մենք պետք է հասկանանք, ես հենց հեծանիվ և սպառնալիք հարթության մեջ չեմ միհարկե ասում, ավելի լայն հարթության մեջ, որ մենք այսօր հետևյալ ռազմավարությունն ենք որդեգրել, և այդ ռազմավարության կարևորագույն նրբություններից մեկն այն է, որ մենք հասկանում ենք, որ տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս կան ուժեր, ովքեր խնդիր են դրել նոր էսկալացիա ձևավորել, նոր էսկալացիա գեներացնել: Եվ այդ էսկալացիաների գեներացման կարևորագույն հատվածն այդ կոպիտ ասած, կներեք ոչ քաղաքական, ոչ դիվանագիտական բառապաշարի համար, ամեն ինչ սկսվում է լեզվակռվից: Եվ շատ դեպքերում հայտնի ուժերը փորձ են անում մեզ ներքաշել լեզվակռվի մեջ, և ավանդաբար մենք հենց այդ տրամաբանության մեջ էլ եղել ենք, և դա օգտագործվել է տարածաշրջանը պայթեցնելու համար: Մեր ռազմավարությունը հետևյալն է, որ մենք թույլ չտանք էսկալացիա, և մենք ստեղծենք և արձագանքենք ամեն ինչին այնպես, որը բացառի էսկալացիան, որը բացառի պատերազմը կամ առնվազն՝ դրա, լեգիտիմություն ասածն այդքան էլ ճիշտ չի արտահայտում, դրա արդարացվածությունը կամ դրա համար հող նախապատրաստելը: Եվ ես կարծում եմ, որ այն, որ 2024թ. մենք ունեցել ենք վերջին 15-20 տարվա ամենահանդարտ իրավիճակը՝ կապված է նաև այս ռազմավարության հետ»:
0Comments