Ցավալիորեն պետք է արձանագրել, որ Հայոց պատմության անցյալի էջերում հանդիպում ենք դեպքեր, երբ ազատագրական, պատերազմական կամ քաղաքական իրավիճակներում թշնամիներին օգնող ձեռքը գրեթե միշտ լինում է ներսից:
Հայոց պատմության մեջ քիչ չեն հայ դավաճանները, ովքեր օգնում են թշնամուն իրենց ծրագրերին, նպատակներին հասնելու համար: Նմանատիպ պատմական կերպարներից է եղել Արծվանիկ (այն 18-րդ դարում ուներ Երիցվանիկ անվանումը) գյուղի մելիք Ֆրանգյուլը: Մելիք Ֆրանգյուլի գերեզմանը մինչ օրս կա, նա թաղված է գյուղի գերեզմաններից հեռու, մի ծառի տակ, այն վայրում, որտեղ նրան սպանել են Դավիթ Բեկի զինվորները: Մելիք Ֆրանգյուլի գերեզմանը մինչ օրս սյունեցիների համար խորհրդանշական վայր է՝ այն մասին, թե ինչ է լինում հայ մարդու հետ, ով դավաճանում է իր հայրենիքն ու ազգը: Մելիք Ֆրանգյուլի անունը, նախ, հանդիպում ենք Հրաչյա Աճառյանի կազմած Հայոց անձնանունների բառարանում.
Դավիթ Բեկ. 1945թ., նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի կտավը, Հայաստանի ազգային պատկերասրահ
«Ֆրանգուլ. Իշխան Երիցվանիկի, դավաճան. 2000 զորքով եկավ օգնելու Չավնտուրի Թորոս իշխանին ընդդեմ Ֆաթալի խանի, երբ խանը հաղթվելով փախչում էր, Ֆրանգուլ զենքը դարձրեց Հայոց դեմ և Ֆաթալիի հետ միանալով կոտորեցին Հայոց բանակը, ուր ընկավ նաև Թորոս իշխանը (1724թ.).-(Չամչ. Գ. 788.), այնուհետև Ֆրանգուլ հավատը ուրացավ և Ֆաթալիի հետ գնաց»: (Աճառյան Հ., Հայոց անձնանունների բառարան, Հատոր Ե, Երևան, 1962, էջ 252):
Աճառյանը ևս Ֆրանգյուլի անվան դիմաց գրում է դավաճան:
18-րդ դարի սկզբին Արցախում և Սյունիքում սկսվում են ազատագրական շարժումներ: Արցախում շարժումը ղեկավարում էին մելիքներն ու հոգևորականությունը: Սյունիքում ազատագրական պայքարի ղեկավարներից էր Դավիթ Բեկը: Համախմբելով իր շուրջը Սյունիքի մելիքներին, հոգևորականներին, Դավիթ Բեկը կարողանում է ազատագրական պայքարի համար ոտքի հանել մոտ 2000 հոգանոց բանակ: Ազատագրական պայքարի սկզբում Դավիթ Բեկն արտաքին թշնամիների հետ մեկտեղ՝ հանդիպում է նաև ներքին թշնամիներին՝ դավաճաններին: Դավաճաններից էր նաև մելիք Դավիթը, ում կոչում էին նաև մելիք Բաղր:
Մելիք Բաղրի դավաճանական գործողությունների մասին կարդում ենք հայ մեծանուն պատմիչ Լեոյի մոտ, ով մասնավորապես նշում է.
«Տաթևի Մելիք Դավիթը, մահմեդականություն ընդունած մի ստոր մարդ, որ կոչվում էր Բաղըր, զորք հանեց Դավիթ Բեկի դեմ: Կռվի մեջ հաղթվելով, ուրացող մելիքը ընկավ հայերի ձեռքը: Դավիթ Բեկը ուղարկեց նրան Շնհեր, ուր նա եկեղեցում ամբողջ տասներկու օր պիտի կրկներ բազմության առաջ ժողովրդական մի առած. «Լույսը Լուսավորչի հավատին, վայ ուրացող մարդուն»: Դրանից հետո դավաճանը գլխատվեց և այդպիսով ազգային գործը ազատվեց մի չար թշնամուց»: (Նույն տեղում՝ էջ 477-478):
Հայ դավաճանն իր արժանի պատիժը ստանում է: Ազատագրական պայքարի այդ նույն ընթացքում գործում էր մեզ արդեն հայտնի դավաճան մելիք Ֆրանգյուլը: Սակայն նա միայնակ չէր, քանի որ նրա հետ մեկտեղ՝ դավաճանական քայլերով աչքի ընկավ նաև Ագուլիսի մելիք Մուսին, ում գործունեության մասին գրում է հայ մեծանուն պատմիչ Լեոն իր պատմագիտական աշխատությունում.
«Թորոս իշխանի մահվան չափ ցավալի էր և մյուս աչքի ընկնող զորապետ Մելիք Փարսադանի մահը: Սա էլ ընկավ դավաճան հայի գնդակից: Այդ դավաճանը Ագուլիսի Մելիք Մուսին էր, որ թշնամական դիրք բռնեց հայ զինվորության դեմ և դարձավ նրա հակառակորդների թիկունքը»: (Լեո, Երկերի ժողովածու, հատոր 5, Երևան, 1986, էջ 478):
Սակայն դավաճանական այս անձանց կողքին ամենամեծ վտանգը Սյունիքի ազատագրական պայքարում ներկայացնում էր մեզ արդեն ծանոթ Մելիք Ֆրանգյուլը, ում կատարած ստոր քայլերի մասին մի շարք մանրամասներ դարձյալ հայտնում է Լեոն.
«Ավելի վտանգավոր և չարագործ հանդիսացավ Բարգուշատի Երիցվանիկ ավանի մելիք, Ֆրանգյուլ անունով: Սա, կարծելով, թե Դավիթ Բեկի ձեռքով պիտի զրկվի իր իշխանությունից, հոգով ու մարմնով նվիրվեց թուրքերին: Նրա սարքած մի թակարդի մեջ ընկավ հայ նշանավոր զորագլուխներից մեկը, Չավնդուրի Թորոս իշխանը: Բարգուշատի Ֆաթալի խանը շատ էր ընդհարվել հայերի հետ, բայց միշտ ջարդ էր կերել: Դավաճան հայ մելիքը խոսք կապեց նրա հետ, բայց արտաքուստ հավատարմություն ցույց տվեց Թորոս իշխանին և սրա հետ պատերազմի դուրս եկավ Ֆաթալի խանի դեմ: Կռիվը հաջող էր հայերի համար:
Ոգևորվելով իրենց հաղթությամբ, նրանք սկսեցին հալածել թուրքերին, բայց թուրքերի փախուստը մի թակարդ էր: Նրանք հանկարծ հետ դարձան և հարձակվեցան հայերի վրա: Այդ ժամանակ Ֆրանգյուլն էլ ետևից հարձակվեց իր զորքով: Հայերը ընկան երկու կրակի մեջ, ջարդվեցան, գերիներ տվին: Ինքը, Թորոսը, հերոսաբար ընկավ պատերազմի մեջ և Չավնդուրի ուժը ոչնչացավ: Իսկ Ֆրանգյուլը, խանին ավելի ևս հաճոյանալու համար, մահմեդականություն ընդունեց»: (Նույն տեղում՝ էջ 478):
Դավաճանությունից հետո Մելիք Ֆրանգյուլը կարողացել է իր տերերի աջակցությամբ 7 տարի կառավարել Սյունիքում։ Դավիթ Բեկի զինվորները կարողանում են մի օր բռնել նրան և ստորացուցիչ ձևով սպանել:
Նրա մեռնելու վայրում փոս են փորում ու թաղում այնտեղ: Հետո մի քար են դնում վրան և մինչ օրս մարդիկ Սյունիքում գնում են այդ գերեզմանի մոտ, վրան թքում, անիծում մելիք Ֆրանգյուլին և կոչում նրան ազգի դավաճան, ում դավաճանությունը մեծ ազդեցություն ունեցավ Սյունիքի ազատագրական պայքարի վրա:
Նրա դավաճանությամբ հայերը Սյունիքում կորցրեցին տարածքներ, ունեցան մեծ թվով զոհեր և վիրավորներ: Սյունիքում մինչ օրս բոլորը գիտեն Մելիք Ֆրանգյուլի դավաճանության մասին: Սյունիքում այսպես են վարվում դավաճանների հետ:
Զ. Շուշեցի
0Comments