Տաքսիստներն ընդդեմ տուրիստների. ի՞նչ է կատարվում «Զվարթնոցում» (ֆոտո)

Մանրամասներ
տաքսի

Վերջին օրերին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գործող անհատ տաքսու վարորդներն իրենց բողոքն են բարձրացրել՝ ասելով որ իրենց արգելում են մտնել տարածք՝ ուղևոր վերցնելու: Նրանք պնդում են, որ պատճառն օդանավակայանի տարածքում գործող լիցենզավորված տաքսի ծառայությունն է:

Հայաստան ժամանող ցանկացած ուղևոր օդանավակայանում բախված կլինի անհատ տաքսիստների, ովքեր ժամանման տերմինալում փորձում են որսալ ուղևորներ: Ավելին, եղել են բամաթիվ դեպքեր, երբ այդ տաքսիստները տուրիստներից խաբեությամբ կորզել են տասնապատիկը, ինչի արդյունքում բազմաթիվ խաբված տուրիստներ սոցիալական ցանցերում կոչ են արել իրենց հետևորդներին՝ որպես տուրիստ երբեք չայցելել Հայաստան: Սա սարսափելի և արատավոր երևույթ է, որը լուրջ հարված է հասցնում երկրի հեղինակությանը:

Եվ հիմա այդ նույն տաքսու վարորդները բողոքում են, որ ոստիկանությունն իրենց թույլ չի տալիս կայանել օդանավակայանի տարածքում և ագրեսիվ կերպով ուղևոր որսալ՝ շարունակելով իրենց բարքերը:

Իսկ ի՞նչ է կատարվում իրականում: Կա արդյո՞ք ոլորտը կարգավորող օրենք:

Իրականում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի համաձայն (հոդված 17, կետ 7) «Զվարթնոց» օդանավակայանում կարող են ծառայություն մատուցել բացառապես լիցենզիա ունեցող այն տաքսիները, որոնց մեքենաները մինչև յոթ տարվա արտադրության են, սպիտակ հիմնագույնի են, ունեն գործարանային վառելիքային համակարգ, ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչ, «Աէրոտաքսի» գրառմամբ, տաքսու շախմատաձև տարբերանշան և այլն: Այսինքն՝ արգելվում է ծառայություն մատուցել ենթադրենք 30 տարվա արտադրության, անսարքի, տեխզննում չանցած և հնամաշ մեքենաներով:

Օրենքը և դրանից բխող կառավարության որոշումը ուժի մեջ են մտել  դեռ 2022թ., ոստիկանությունն էլ իր հերթին ըստ օրենքի պահանջի ապահովում է սահմանված կարգը:

Իսկ ի՞նչ է անում «Զվարթնոցը»:  Օդանավակայանից մեզ տեղեկացրին, որ, իրենց լիազորությունների շրջանակում օդանավակայանն ապահովում է անհրաժեշտ բոլոր պայմանները լիցենզիա ունեցող տրանսպորտային միջոցների համար: Ավելին,  Զվարթնոց օդանավակայանը տրամադրում է անվճար կայանատեղի բոլոր այն տաքսի ծառայություն մատուցողներին, որոնք համապատասպանում են ՀՀ օրենսդրությանը՝ վերջիններիս տրամադրելով համապատասխան թույլտվություններ և անցագրեր:

Ի վերջո, զբոսաշրջիկն առաջինը երկրի մասին պատկերացում է կազմում հենց օդանավակայանից և անհատ տաքսու վարորդների համարյա քաշքշոցի հասնող որսը, մեղմ ասած, անընդունելի է և խնդրին լուծում տալու համար անկալվում է համապատասխան մարմինների սկզբունքային աշխատանքը:

Skype_Picture_2024_10_21T11_04_06_214Z.jpeg (65 KB)

Skype_Picture_2024_10_21T11_04_09_454Z.jpeg (86 KB)