Առաջնագծից բացի Ադրբեջանը նաև 2-րդ գիծն է կահավորել. MediaHub

Մանրամասներ
տեղ

MediaHubը գրում է․ 

Օրերս համացանցում լուրեր տարածվեցին, թե Սյունիքի մարզի Տեղ-Արավուս գյուղերի ձորակի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խումբ է ներթափանցել։ Վերջիններս սրբավայրում իբր գրություն էին թողել հետևյալ բովանդակությամբ․ «Մենք կարող ենք մտնել ձեր տարածք, երբ ուզենք, ինչքան ուզենք և անել այն, ինչ ցանկանում ենք»։

MediaHub-ը կապ հաստատեց Արավուս գյուղի բնակչի հետ։ Վերջինս ասաց, որ տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

«Մենք ևս կարդացել ենք համացանցով, բայց ասում եմ՝ նման բան տեղի չի ունեցել։ Ամեն դեպքում գյուղում նման խոսակցություններ ու անհանգստություն չկա։ Նույնիսկ կրակոցներ մեր գյուղերի ուղղությամբ չեն եղել։ Օդում կախված լուրերին մի հավատացեք։ Միակ բանը, որ կարող եմ հստակ ասել, դա մեր աչքի տեսածի մասին է. ի տարբերություն մեզ, ադրբեջանական կողմը բավականին մեծ ինժեներական աշխատանք է իրականացրել մեր գյուղերի ուղղությամբ։ Առաջնագծից բացի նաև 2-րդ գիծն են կահավորել»։ 

Մեր այն դիտարկմանը, թե՝ արդյո՞ք Ադրբեջանը նախապատրաստվում է ինչ որ գործողության, մեր զրուցակիցն ասաց՝ «ես չեմ կարող ենթադրել, չգիտեմ»։ 

«Վերջին դեպքը, որ տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանային գոտում, Խնձորեսկ գյուղի անասունների հետ է կապված։ 14 գլուխ անասուն է անցել ադրբեջանական կողմ։ Նրանք 2-ը պահել են իրենց, 12 գլուխ անասունը հետ ուղարկել։ Դրանից բացի այլ միջադեպ վերջին շրջանում տեղի չի ունեցել»,- հավելեց  նա։