Ի՞նչ իրավունքով է իրականացվել սահմանազատումը. Ռուստամյան

Մանրամասներ
Կիրանց

Պետական սահմանի մասին 5-րդ օրենքի համաձայն պետական սահմանի տեղորոշումը և փոփոխությունը կատարվում է  ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենքով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի վավերացման հարցի վերաբերյալ Մհեր Գրիգորյանի կողմից զեկուցման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Ըստ հայտարարությունների՝ արդեն տեղորոշված է 12 կմ միջպետական սահման, ի՞նչ իրավունքով է դա արվել, ո՞ր միջազգային պայմանագրերով և Հայաստանի ո՞ր օրենքով: Երկրորդ հարցս հետևյալն է՝ սահմանազատման հանձնաժողովը ի՞նչ իրավունքով է իրականացրել  սահմանադրությամբ իրեն չվերապահված հանրային, իշխանական լիազորություններ, օրինակ պետական սահմանի մաս կազմող արձանագրությունը, որը պետք է ընդունի ձեր հանձնաժողովը:  Երրորդ հարցս այն  է, թե ինչու է պարտադիր համարվել ԱԺ-ի կողմից վավերացումը, այն ըստ կանոնակարգի պարտադիր չէ»,-ասաց Ռուստամյանը:

Մհեր Գրիգորյանն արձագանքեց, որ իրավական հիմքերի դեպքում պետք է  հաշվի առնել պետության ինստիտուտների գնահատականները. «Ես չեմ կիսում այն գնահատականը, թե ինչ-որ գործողություններ անօրինական են եղել: Ես կարծում եմ, որ ՀՀ-ն ունի սահմաններ ու դրանք պետք է տեղորոշել: Սահմանների փոփոխություն ըստ էության տեղի չի ունեցել, Տավուշում իրականացվել է 12 կմ սահմանագծի վերականգնում  ու այն, ինչ վերականգնվել է  մեր օրինական սահմանն է»: