Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 3-ին։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Անժելիկա Կարամանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ նախնական տվյալները ցույց են տալիս, որ 11 թեկնածուներից և ոչ մեկը չի ստացել ձայների 50%-ից ավելին։
«Հետևաբար, երկու շաբաթվա ընթացքում կկազմակերպվի ընտրությունների երկրորդ փուլը», - ասել է նա:
Քվեաթերթիկների 98,51%-ը մշակելուց հետո պարզվել է, որ գործող նախագահ Մայա Սանդուն ստացել է ձայների 42,07 տոկոսը, նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, որը քննադատում է Սանդուին Մոսկվայի հետ առճակատման քաղաքականության համար, ստացել է 26,27 տոկոս։ Եռյակը եզրափակում է «Մեր կուսակցության» առաջնորդ Ռենատո Ուսատին՝ ձայների 13,72%-ով։
Սանդուն նախագահում է 2020 թվականից և հանդիսանում է «Գործողություն և համերաշխություն» կուսակցության հիմնադիրը։ Սանդուն եվրաինտեգրման կողմնակից է, նրա կառավարման օրոք 2022 թվականին Մոլդովան ստացել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։
Ստոյանոգլոն նախկինում գլխավոր դատախազ էր։ Նրան այս պաշտոնում նշանակել էր Սանդուի նախորդը՝ Իգոր Դոդոնը: Գործող նախագահը աշխատանքից ազատել էր Ստոյանոգլոյին` համարելով նրա աշխատանքն անբավարար։ Ստոյանոգլոն իրեն անվանում է Մոլդովայի չեզոքության կողմնակից և Ռուսաստանը համարում է «զարգացման գործընկեր», որի հետ «պետք է ընկերներ լինել»։
Նախագահական ընտրություններին զուգահեռ հանրապետությունում անցկացվել է եվրաինտեգրման հանրաքվե։ Քվեաթերթիկների 98,38%-ը մշակելուց հետո ԵՄ-ին ինտեգրվելու օգտին քվեարկել է ընտրողների 50,07%-ը, դեմ՝ 49,93%-ը։
0Comments