«Ռեստարտի» տղաների հետ տեղի ունեցած միջադեպի գործով Նարեկ Մալյանը տուժող է ճանաչվել

Կեսգիշերին Նարեկ Մալյանն ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով հայտնեց, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա

ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը տուժող է ճանաչվել և հարցաքննվել մարտի 4-ի գիշերը Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Նշենք, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ ՔՕ 258–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով՝  մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը։

Ավելի վաղ ոստիկանությունից NEWS.am–ին  հայտնել էին, որ մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել  և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու:

Կեսգիշերին Նարեկ Մալյանն ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով հայտնեց, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

Ավելի ուշ՝  «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի ուղիղ եթերում խոստովանել է, որ Նարեկ Մալյանի հրա հարձակվողներն իրենք են եղել, որից հետո հրապարակել էր նաև այն տեսանյութը, որ փորձում էին Նարեկ Մալյանին աղբարկղ նետել։