Ինչպես պատրաստել համեղ լահմաջո

Մանրամասներ
լահմաջո

Բաղադրիչները՝

  • 250 գ ալյուր, մի փոքր էլ ցանելու համար
  • 3-4 գ չոր խմորիչ
  • 1 թ/գ աղ
  • 150 մլ ջուր

Միջուկի համար

  • 250-300 գ ոչխարի անյուղ միս
  • 1 մեծ հասած լոլիկ
  • 2 միջին չափի գլուխ սոխ
  • կես կարմիր կծու չիլի պղպեղ
  • 3 ճյուղ մաղադանոս
  • 75-80 գ կարագ
  • մի փոքր աղ

Խմորին քսելու համար

       .100 մլ կաթ

  • մի փոքր աղ

Պատրաստման եղանակը

Խմորի համար խմորիչը բացեք 38-40 աստիճան ցելսիուս տաքության ջրով: Ավելացրեք ալյուրն ու աղը, խմոր հունցեք: 10 րոպե լավ հունցեք, մինչև խմորն առաձգական դառնա: Խմորը ծածկեք կտորով, մոտ 1 ժամ թողեք տաք տեղում:

Խմորը 8 մասի բաժանեք, յուրաքանչյուր մասից գունդ արեք: Թաց կտորով ծածկեք գնդերը և էլի 30 րոպե թողեք, թող բարձրանան:

Պատրաստեք միջուկը: Լոլիկները մտցրեք եռացրած, ապա սառը ջրի մեջ, կեղևից մաքրեք, 4 մասի բաժանեք, հեռացրեք սերմերն ու հեղուկը: Պտղամիսը մանր խորանարդների ձևով կտրատեք:

Երկու մեծ դանակների կամ մսաղացի օգնությամբ ոչխարի մսից խճողակ սարքեք, խառնեք լոլիկների հետ: Կարագը հալեցրեք: Պղպեղը մաքրեք սերմերից ու մանր կտրատեք:

Մաքրեք ու մանր կտրատեք սոխը, մանրացրեք մաղադանոսը: Սոխն ու մաղադանոսը խառնեք կծու պղպեղի հետ, ավելացրեք խճողակին: Ավելացրեք հալեցրած կարագը, աղ արեք ու լավ խառնեք:

Սեղանի վրա ալյուր ցանեք, խմորի գնդերն առանձին-առանձին բարակ, երկար, օվալաձև շերտով բացեք: Խմորը պետք է շատ բարակ լինի, մոտ 2-3 մմ հաստության:

Օվալաձև խմորի շերտերը զգուշությամբ տեղադրեք փայլաթիթեղով պատված տապակի մեջ, վրան կաթ ու աղ քսեք, ապա միջուկի բարակ շերտով պատեք: 7-8 րոպեով տեղադրեք 230 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

Մատուցեք տաք վիճակում, կիտրոնի հետ:

Աղբյուր