«Օրեցօր ավելանում են ուսուցչին ներկայացվող ձևական պահանջները»․ ուսուցիչ

Մանրամասներ
ուսուցիչ

«Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտե» ֆեյսբուքյան էջը հրապարակել է ուսուցիչներից մեկի «Շվարած ուսուցիչներ» վերտառությամբ գրառումը․

«Սկսվեց սեպտեմբերը, ուսուցիչներս ոգևորված, երեխաների հետ աշխատելու բուռն ցանկությամբ մտանք դասարան, բայց դա երկար չտևեց, մեզ խոր հիասթափություն էր սպասվում։ Որ կրթական բարեփոխումները անհրաժեշտ են, և դա անընդհատ պրոցես է, ոչ ոք չի ժխտում։ Բայց, որ բարեփոխումներ նախաձեռնողները հաճախ գլխավորն ու երկրորդականը խառնում են իրար` դա մտահոգիչ է։ Խոսքս վերաբերվում է նոր ուսումնական տարում ուսուցչին ներկայացվող պահանջներին։

Ուսուցչից պահանջվում է կազմել դասավանդվող առարկայի թեմատիկ պլան տարվա կամ կիսամյակի համար, որի մեջ պետք է մանրամասն ընդգրկել յուրաքանչյուր դասի թեման, նպատակը, վերջնարդյունքները և այդ բոլորը մուտքագրել էլեկտրոնային մատյան։ Բացի վերը նշվածից, ամեն օր էլմատյանում պետք է գրանցել դասի թեման, խնդիրները, գրականության համապատասխան էջերը, առաջադրանքների համարները։ Թվում է, թե արտասովոր բան չկա։

Թեմատիկ պլան ուսուցիչը պետք է ունենա, բայց ոչ այդ կտրվածքով, նրանում ընդամենը պետք է երևա կիսամյակի կամ տարվա ժամաբաշխումը ըստ թեմաների, մնացածը կներառվի օրվա պլանում։ Ուսուցիչները մոլորված են, շփոթված, մտահոգ, ամբողջ սոցիալական ցանցերը լիքն են ուսուցիչներով, որոնք կանչում են իրար` Պողոս գտաաար, Պետրոս գտաաար։ Ինչո՞ւ է այդպես։ Նախ տարեսկզբի համար նման արագացված աշխատանքը մեծ ծանրաբեռնվածություն է, պահանջում է ժամանակ, նյութական միջոցներ` որակյալ համակարգիչ ու հեռախոս ունենալու համար, բայց ամենակարևորը` ուսուցիչը իմաստ չի տեսնում այդ պահանջները կատարելու մեջ, ստացվում է, որ ուսուցիչը այսօր դասի պլան պետք է գրի ամիսներ հետո պարապվելիք դասի համար։

Դասը կենդանի ստեղծագործական պրոցես է, նույնիսկ նախորդ օրը կազմած պլանը հաջորդ օրը փոխվում է, ուր մնաց ամիսներ առաջ գրածը։ Եվ այսպես վրդովված, համակարգչից ներվայնացած, ուժասպառ եղած ուսուցիչը մտնում է դասարան, ի՞նչ պետք է լինի նրա պարապած դասը, դասի որակը մղվում է հետին պլան, ուսուցիչների մի մասը դասի ժամանակ դասը թողած զբաղվում է էլեկտրոնային մատյանի գրանցմամբ, քանի որ չի հասցնում, իսկ գրանցումը առաջնային է, բովանդակությունը` հեչ։

Խոսքս ուղղում եմ ԿԶՆԱԿ֊ի մեր հարգարժան աշխատողներին։ Դիցուք ուսուցիչը Ձեր կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխան լրացրել է Էլմատյանը, դա նշանակո՞ւմ է, որ նա որակյալ դաս է պարապում (իհարկե` ոչ)։ Ուսուցիչը էլ․մատյանը ուղղակի սևացրել է ինչ որ բան գրելու համար (քանի որ պահանջվում է), դա նշանակում է, որ նա վա՞տ դաս է պարապում։ (իհարկե ոչ)։

Կառավարությունը ահռելի գումարներ է հատկացնում կրթության բարեփոխմանը, ինչո՞ւ ենք ձևականությունների հետևից ընկնում` բովանդակությունը թողնելով մի կողմ։ Օրեցօր ավելանում են ուսուցչին ներկայացվող ձևական պահանջները, վերահսկողության ձևերը, տեղից ելնողը (կյանքում դասարան մտել է, չի մտել) դարձել է ուսուցչին սովորեցնող։

Ինչո՞ւ պետք է լավ ուսուցիչը մնա դպրոցում, համեմատություն անցկացնենք կրկնուսույցի հետ։

Ո՞վ է վերահսկում կրկնուսույցի աշխատանքը, ով է նրանից պլան պահանջում, մատյանի գրանցում պահանջում` ոչ ոք, բայց ինչպե՞ս է, որ ծնողը նրան ավելի շատ է վստահում, քան դպրոցին, նրա արդյունքը ավելի բարձր է, քան դպրոցինը (չնայած դպրոցի արդյունք ընդհանրապես չկա, քանի որ չկա մի երեխա, որ առանց կրկնուսույցի ԲՈՒՀ ընդունվի` սկսած Ձեր երեխաներից, կրթության հարգելի չինովնիկներ)։ Փառք տանք աստծուն, որ դեռևս դպրոցում կան շատ թե քիչ որակյալ ուսուցիչներ (ես ինձ համարում եմ դրանցից մեկը, 45 տարի դասավանդում եմ մաթեմատիկա, որից 30 տարի տնօրենի աշխատանքին զուգահեռ, կամավոր ատեստավորված բարձր կարգի ուսուցիչ եմ-շնորհակալ եմ կառավարությանը), ի՞նչ է, այնքան պետք է զզվացնենք, որ նրանք էլ թողնե՞ն դպրոցը։
Հռետորական հարցեր են առաջ գալիս. Ինչպե՞ս է, որ 1.շրջանավարտների շատ չնչին տոկոսն է մանկավարժական ԲՈՒՀ դիմում։
2.Դպրոցներում տնօրենի, ուսուցչի հարյուրավոր թափուր տեղեր կան։

3.Ծնողը սկսած առաջին դասարանից դպրոցին չի վստահում, երեխային ուղարկում է կրկնուսույցի մոտ։

Սրանք ամենակարևոր հարցերն են, որ պետք է մտահոգեն կրթության քաղաքականությունը մշակողներին, կրթության կառավարիչներին, իսկ մենք անում ենք եղած ուսուցիչներին էլ հիասթափեցնող քայլեր։

Առաջարկում եմ ԿԶՆԱԿ֊ին վերը նշված պահանջների կատարումը դարձնել կամավոր, իսկ ովքեր չեն ցանկանում` թողեք աշխատեն հին կարգով։

Իհարկե, հանրակրթության բնագավառում խնդիրները շատ են և դրանցից շատերն էլ նոր չեն, բայց բարեփոխումները պահանջում են տևական, զգայուն, քրտնաջան աշխատանք։ Ասելիքը շատ է, չէի ուզում խոսել, բայց խիղճս տանջում է, գուցե սրանով ինչ որ ձևով օգտակար լինեմ ուսուցչական խավին, մեր պետականության։

Եվ վերջում առաջարկություններ ՀՀ կառավարությանը։

1.Պահանջել, որ դպրոցի տնօրենները, փոխտնօրենները պարտադիր դաս պարապեն` թեկուզ շաբաթը 1֊5 ժամ։
2. Պահանջել, որ ԿԶՆԱԿ֊ի աշխատողները, ԿԳՄՍՆ հանրակրթության հարցերով զբաղվող մարդիկ շաբաթը գոնե մեկ ժամ դաս պարապեն դպրոցում։
3.Դասագրքերի մրցույթ անցկացնելիս պարտադիր պայման դնել, որ դասագրքի հեղինակը պարտավոր է գոնե մեկ տարի որևէ դպրոցում աշխատել իր դասագրքով, իսկ նախարարությունը` ամփոփել վերջնարդյունքները։ Դրական եզրակացության դեպքում նոր երաշխավորել այն դպրոցներում գործածելու համար։

Իմ կարծիքով դասարան չմտնող մարդը բարոյական իրավունք չունի ուսուցչին խորհուրդներ տալու, ուր մնաց սովորեցնելու»։