Վերջին տարիներին Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում նկատելի է լուրջ ակտիվություն, որի շնորհիվ մեզ հաջողվել է ընդլայնել բոլոր բնագավառներում մեր երկրների միջեւ ծավալված բազմաբովանդակ փոխգործակցությունը: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Վրաստանում վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցից հետո՝ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ այս տարվա հունվարինՀայաստանի եւ Վրաստանի համագործակցությունը հասցվեց ռազմավարական գործընկերության մակարդակի: Այդպիսով մեզ հաջողվել է մշակել արդյունավետ եւ պարբերական շփումների կենսունակ մի մեխանիզմ, որը հիմնված է փոխադարձ շահերի, մեր երկրների բարեկամ ժողովուրդների որդեգրած սկզբունքների և ժողովրդավարական արժեքների վրա:
Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:
Այս փաստը համարում են Հարավային Կովկասում կայունության և երկարատև խաղաղության հաստատման կարևոր գործոններից մեկը: Մեր երկրների միջև առկա համագործակցությունը մեր պատկերացումների գործնական արտացոլումն է, թե ինչպիսին պետք է լինեն տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և համընդհանուր զարգացմանը միտված տնտեսական համագործակցության վրա»,- ասաց Փաշինյանը:
Նա շարունակեց. «Այսօր առիթ ունեցել ենք անդրադառնալ մեր տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանը եւ կայունության ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակի: Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Ադրբեջանիհետ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում մեզ հաջողվել է արձանագրել որոշակի առաջընթաց. Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանազատման հետագա գործընթացում առաջնորդվել 1991-ի Ալմաթիի հռչակագրի դրույթներով, ինչը նշանակում է, որ այդ գործընթացի հիմքում պետք է ընկած լինեն Խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները:
Ակնկալում ենք, որ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում, ինչի վերաբերյալ արդեն իսկ քննարկեցինք և ունենք ընդհանուր ըմբռնում, որը, կարծում եմ, շատ կարևոր է»,- հայտարարեց վարչապետը:
0Comments