ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Վարշավա, որտեղ Լեհաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ նախատեսվում են քննարկումներ Ուկրաինային աջակցություն տրամադրելու շուրջ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Բլինքենը Լեհաստան է մեկնել Ուկրաինայից, ուր մեկնել էր բրիտանացի իր պաշտոնակից Դեյվիդ Լեմիի հետ։ Լեհաստանում ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ կունենա երկրի վարչապետ Դոնալդ Տուսկի, նախագահ Անջեյ Դուդայի և արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։Ըստ Լեհաստանի նախագահի գրասենյակի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավարի՝ հանդիպումների ընթացքում կքննարկվի նաև Լեհաստանի արևելյան թևի անվտանգությունը։ Քննարկումների թեմաներից մեկն էլ, ըստ ԱՄՆ պետքարտուղարության, կլինի ԱՄՆ-ի և Լեհաստանի միջև համագործակցությունն էներգետիկ ոլորտում։
ՆԱՏՕ-ի արևելյան երկրների համար պաշտպանությունը դարձել է գլխավոր առաջնահերթություն Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո։ Ռուս-ուկրաինական հակամարտության 2,5 տարիների ընթացքում Լեհաստանը զգալիորեն ավելացրել է իր պաշտպանական ծախսերը։
Ակնկալվում է, որ 2025 թվականին Վարշավան պաշտպանության համար կհատկացնի 186,6 միլիարդ զլոտի (47,95 միլիարդ դոլար):
0Comments