«Ժողովուրդ». Նոր ռեպրեսիաներ՝ «թեժ աշնանն» ընդառաջ. թիրախում բոլոր ընդդիմախոսներն են

Մանրամասներ
4

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ իշխանությունները «թեժ աշնանն» ընդառաջ պատրաստվում են սեպտեմբերի 9-ից մեկնարկելիք ԱԺ աշնանային նստաշրջանին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ ՔՊ խմբակցությունը շաբաթ օրը կհավաքվի Սեւանի կառավարական ամառանոցում՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգմամբ որոշելու իր անելիքները, քանի որ ընդդիմադիր դաշտում էլ հայտարարել են, որ աշնանը վերսկսելու են իշխանությունների հրաժարականի պահանջով հավաքներն ու ակցիաները։

Երեկ ԱԺ-ում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստից արդեն ակնհայտ էր ՔՊ-ականների խիստ տրամադրվածությունը ընդդիմադիրների հանդեպ, ու այսօր էլ Սեւանում կշարունակեն քննարկումները, թե ինչ քայլեր են ձեռնարկելու ընդդիմադիրների դեմ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները մտադիր են ոչ միայն ԱԺ-ում քաղաքական խոսույթով ճնշել, այլեւ բոլոր ձեւերով «ենթարկեցնել ու լռեցնել ընդդիմությանը»։

ՔՊ-ում ներքին որոշում կա՝ անհանդուրժող լինել բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ․ այն ուժերը, որոնք «կհանդգնեն» ակտիվություն ցուցաբերել, դեմ դուրս գալ իշխանություններին և բողոքի ակցիաներ, ցույցեր կկազմակերպեն, անմիջապես կպատժվեն ու խիստ ճնշումների կենթարկվեն իշխանությունների կողմից։

Իշխանականները տրամադրված են ընդհուպ համատարած քրեական հետապնդումներ եւ կալանավորումներ իրականացնել, այդ թվում՝ անգամ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ գնալ նման գործողությունների։

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Ես նման տեղեկություններ չունեմ, բայց այս իշխանություններից հեռու չէ։ 2018 թվականից սկսած՝ ճնշումներ են եղել նախկին զինվորականների, պետական տարբեր ղեկավարների և բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր ընդդիմանում են իշանություններին»»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում