Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան են բերվել Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2024 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ կիրականացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցահանդեսը: Ցուցանմուշը Հայաստան է տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության նպատակով՝ 6 ամսով:
Թանգարանի մուտքի մոտ բացառիկ ցուցանմուշի տեղափոխման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:
«Զվարթնոց» օդանավակայանից Հայաստանի պատմության թանգարան ցուցանմուշը տեղափոխվել է հանդիսավորությամբ և անվտանգության բոլոր կանոնների խիստ պահպանմամբ: Հանրային հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է բացառիկ ցուցանմուշի տեղափոխման ողջ ընթացքը և այս կարևոր իրադարձության կապակցությամբ զրուցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի և Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Կարեն Ավետիսյանի հետ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նշմամբ՝ օրը խորհրդանշական է, քանի որ Հայաստանի պատմության թանգարանում հնարավորություն է ստեղծվում բացելու միջազգային որակի և մակարդակի ցուցադրություն, և այդ համագործակցությունն իրականացնել աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններից մեկի՝ Բրիտանական թանգարանի հետ:
«Շատ կարևոր է, որ ցուցադրության առանցքային նմուշը Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված մասերն են, որոնք հատուկ կարևորություն ունեն մեր հանրություն համար: Յուրաքանչյուր երեխա դեռ դպրոցական դասագրքերից իրեն ծանոթ պատկերը մոտիկից տեսնելու հնարավորություն կունենա: Այս ցուցադրությունը կարևորում եմ բազմաթիվ առումներով. թե՛ թանգարանային կյանքի աշխուժացման և որակի բարձրացման իմաստով, թե՛ մշակույթին հանրության ավելի մեծ չափով առնչություն ունենալու, թե՛ միջազգայնացման ուղղությամբ»,- ասել է նախարարը:
Խոսելով թանգարանային ոլորտում միջազգային երկկողմ համագործակցության կարևորության մասին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է. «Մինչ այս տարբեր հեղինակավոր թանգարանների հետ եղել են բազմաթիվ ցուցադրություններ, և սովորաբար ցուցադրվել են հայաստանյան թանգարանների նմուշներն այդ թանգարաններում: Այսօր բացառիկ հնարավորություն է նաև այն իմաստով, որ Հայաստանն է փոխառնում հեղինակավոր թանգարանների ցուցանմուշները և դրանք հասանելի դարձնում մեր հանրությանը: Պետությունն ամեն կերպ խրախուսում է թանգարանների նմանօրինակ համագործակցությունը: Պետք է հիշեցնեմ, որ այս տարի ընդունվել է «Թանգարանների մասին» օրենքը, որը նոր հնարավորություններ է ընձեռում նաև թանգարանային ոլորտի համագործակցության համար: Այս տարի նաև 14 տարվա ընդմիջումից հետո վերականգնվել է թանգարանների հավաքածուների համալրման բյուջեն, որով մեր թանգարանները հնարավորություն են ստացել իրենց հավաքածուները համալրել նոր և արժեքավոր ցուցանմուշներով»:
Նախարարն անդրադարձել է նաև ցուցադրության առանցքային՝ մայրության և կանանց թեմային՝ կարևորելով պատմականորեն կանանց դերը հանրային կյանքում:
«Կարծում եմ՝ հրաշալի հնարավորություն է ընձեռվելու նաև տարբեր նմուշների ցուցադրությամբ տեսնել, թե ինչպես է կանանց դերը փոխակերպվել մի ժամանակից մյուսը, բայց անփոփոխ է մնացել նրանց կարևորությունը: Պետականության զարգացման գործում կանայք ունեն առանձնահատուկ նշանակություն, և ես հուսով եմ, որ Անկախության օրը ցուցադրության բացումը հնարավոր կդարձնի այդ կարևոր խոսակցությունը»:
Խոսելով սպասելիքներից՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ակնկալում է ցուցադրությանը տեսնել մեծ հերթեր՝ տեղեկացնելով, որ սա մեկ ցուցանմուշի ցուցադրություն չէ. «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրության շրջանակում Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի մասունքների՝ գլխի և ձեռքի հետ, պատմական հանդիպման ձևաչափով ցուցադրվելու են նաև Հայաստանի պատմության թանգարանում պահվող մայրության թեմային վերաբերող արժեքավոր ցուցանմուշները՝ սկսած նոր քարի դարի ժամանակներից մինչև քրիստոնեական շրջանին վերաբերող նմուշներ: Ցուցադրության շրջանակում լինելու են տարբեր միջոցառումներ, քննարկումներ, և այն լինելու է մշակութային կյանքի մեծ իրադարձություններից մեկը:
«Այս ցուցահանդեսն իր ծավալով և որակով համատեղ ջանքեր է պահանջում և, բնականաբար, այն իրականացվում է գործընկեր կազմակերպությունների հետ: Իհարկե, ցուցադրության հայեցակարգի գաղափարը Հայաստանի պատմության թանգարանինն է՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ, սակայն համատեղ ցուցադրությունը կազմակերպվել է պետական կառույցների և մասնավորի ներգրավմամբ»,- ասել է նախարարը:
Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի նշմամբ՝ նշանակալի մշակութային այս իրադարձությունը շատ կարևոր և խանդավառ պահ է երկու երկրների հարաբերությունների համատեքստում. «Ես պատկերացնում եմ՝ որքան կարևոր է Անահիտ
աստվածուհու գլխի և ձեռքի ցուցադրությունը հայերի համար: Անչափ կարևորում եմ Բրիտանական թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությունը, որը հնարավոր դարձրեց այս իրադարձությունը: Հույս ունեմ, որ ցուցադրությունը կունենա բազմաթիվ այցելուներ»:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրության համատեքստում անդրադարձել է Անահիտի բրոնզաձույլ արձանի մասունքների հայտնաբերման պատմությանը, և թե ինչպես է այն հասել Բրիտանական թանգարան: Տնօրենն անդրադարձել է նաև թանգարանային բացառիկ ցուցանմուշի անվտանգության և պահպանման ռեժիմի կարևորության հարցերին և հավելել, որ այդ գործընթացն անհրաժեշտ է մեծագույն ճշգրտությամբ պահպանել:
0Comments