Ադրբեջանը սահմանազատում կկատարի միայն այնտեղ, որտեղ դա իրեն շահեկան է

Մանրամասներ
սահմանային սյուն

Ադրբեջանը սահմանազատում կկատարի միայն այնտեղ, որտեղ դա իրեն շահեկան է։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ սեպտեմբերի 16-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի տեքստը։

Լրագրողները, մասնավորապես, հիշեցրել են այն մասին, որ Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 5-ին առանց որեւէ քննարկման հավանություն է տվել սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգին։ Փաստաթուղթն ուղարկվել է Սահմանադրական դատարան, որն այն քննարկելու է սեպտեմբերի 24-ին։

Օհանյանի խոսքով՝ կանոնակարգում առկա հակասությունները ՍԴ հավանության դեպքում կդառնան հիմք, որպեսզի Ադրբեջանը ճնշում գործադրի Հայաստանի վրա։ «Այնտեղ կա առնվազն երկու անհանգստացնող կետ»,- նշել է պատգամավորը։

Առաջինը, ըստ նրա, վերաբերում է Ալմաթիի հռչակագրի մասին կետում  փոփոխություններ մտցնելու հնարավորությանը, իսկ երկրորդը, որ կարելի է սահմանազատում եւ սահմանագծում իրականացնել առանձին տեղամասերում։

Իսկ Սահմանադրական դատարանի հավանությունը, ընդդիմադիր խմբակցության ղեկավարի կարծիքով, Բաքուն կօգտագործի Երեւանի վրա հետագա ճնշման համար։