Արդեն 4-րդ օրն է, որ Հրայր Թովմասյանը հանդես է գալիս իր պաշտպանական ճառով

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, շարունակվում է  ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։

Արդեն չորրորդ օրն է, որ Հրայր Թովմասյանը հանդես է գալիս իր պաշտպանական ճառով:

«Ըստ էության ես հասել եմ մեղադրական եզրակացության 13-րդ էջ։ Մինչ այս պահը մեղադրական եզրակացությունում իմ որևէ գործողություն իր մեջ, ամենալայն, ամենանեղ, ամենապատկերավոր մեկնաբանության դեպքում որևէ կերպ չեն կարող բնութագրվել որպես հանցագործություն, նկարագրված գործողություններն իրենց մեջ հանցագործության որևէ տարր չեն պարունակում, այն դատողությունները, եզրահանգումները, կատեգորիկ պնդումները, որոնք արված են մեղադրական եզրակացության մեջ հիմնավոր չեն»,- հայտարարեց Թովմասյանը։

Նախքան պաշտպնական ճառով հանդես գալը, նա լրագրողների հետ զրույցում ասել էր. «Խոստանում եմ՝ իմ պաշտպանական ճառը և վերջին խոսքը, չեմ ուզում ասել, որ սենսացիոն են լինելու կամ բացահայտումներ են լինելու,  բայց այն շատ հետաքրքիր է լինելու:

Ցավոք սրտի, մենք եզակի երկրներից չենք, որտեղ ցանկացած նոր իշխանություն փորձել է իրեն ենթարկեցնել բարձրագույն դատական ատյաններին: Այս առումով,  համաշխարհային փորձը շատ հետաքրքիր օրինակներ է տալիս, թե որտեղ հաջողվել է, այդ երկրների հետ ինչ է կատարվել, որտեղ չի հաջողվել, ինչ է կատարվել»:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարվա ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական հետապնդում:

Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել է՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։