Գովազդատուները զանգվածային կերպով լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները:
Համաձայն Kantar մարքեթինգային ընկերության նոր հետազոտության, որը հրապարակվել է Advanced Television-ի կողմից, մարքեթոլոգների 26%-ը պլանավորում է հաջորդ տարի X-ում կրճատել իրենց գովազդային ծախսերը: Ինչպես հայտնում է Engadget-ը, հարթակի նկատմամբ գովազդատուների վստահության մակարդակը հասել է պատմական նվազագույնին։
Kantar-ի ուսումնասիրությունը, որը հիմնված է ամբողջ աշխարհում 18,000 սպառողների և 1,000 մարքեթոլոգների շրջանում անցկացված հարցման վրա, ընդգծում է, թե որքան է տուժել X-ի գովազդային բիզնեսը Մասկի կողմից այն ձեռք բերելուց հետո: Անցած մեկուկես տարվա ընթացքում շատ խոշոր գովազդատուներ դադարեցրել կամ կրճատել են իրենց ծախսերը այս հարթակում՝ ատելություն պարունակող գրառումների և այլ թունավոր բովանդակության աճի շուրջ մտահոգության պատճառով:
Իրավիճակը սրվում է հենց Մասկի գործողություններով, որը բացահայտորեն հակադրվում է գովազդատուներին։ Մասնավորապես, ատելության խոսքի խնդրով մտահոգ բրենդներին նա խորհուրդ է տվել «գնալ գրողի ծոցը», ինչպես նաև մեղադրել է գովազդատուներին շանտաժի մեջ։ Այնուամենայնիվ, ինչպես նշվում է ուսումնասիրությունում, մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ին համարում գովազդի համար անվտանգ հարթակ։ Վստահության այս ցածր մակարդակը կարող է գլոբալ ազդեցություն ունենալ հարթակի ապագայի վրա, որը մեծապես կախված է գովազդային եկամուտներից, ասում են փորձագետները:
X-ը չի պատասխանել մեկնաբանության վերաբերյալ Engadget-ի խնդրանքին: Ընկերությունը նախկինում Financial Times-ին ասել էր, որ «գովազդատուները գիտեն, որ X-ն այժմ առաջարկում է գովազդային ավելի մեծ անվտանգություն բրենդերի համար, ինչպես նաև արդյունավետության և վերլուծության մասին բարելավված ցուցանիշներ, քան երբևէ։ Ընդորում, ըստ սոցցանցի, նկատվում է հարթակի օգտագործման աննախադեպ բարձր մակարդակ:
Հիշեցնենք, որ վերջերս X-ը դատի է տվել արդյունաբերական մի խմբի և մի քանի համաշխարհային ընկերությունների, որոնց մեղադրում է հարթակի «ապօրինի բոյկոտը» կազմակերպելու մեջ։
0Comments