Ռուսաստանում հայտնել են կապիկի ծաղկի դեմ «ցմահ իմունիտետով» պատվաստանյութի ստեղծման մասին

Մանրամասներ
պատվաստանյութ

Ն.Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի գիտնականների մշակած պատվաստանյութը կապիկի ծաղկի դեմ պետք է ցմահ իմունիտետ ապահովի հիվանդությունից, սակայն դեռ պետք է հետազոտություններ իրականացվեն, news.am-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ին հայտնել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

«Իմունիտետը, որը կստեղծվի, եթե  պատվաստանյութը ճիշտ պատրաստվի եւ հենվի ադենովիրուսի լավ կրիչի վրա, եւ միաժամանակ չլինի վարակիչ հիվանդության հարուցչի հակագենային դրեյֆ, որը մենք պարզում ենք, ասենք՝ գրիպի կամ էլ COVID-19-ի դեպքում, ապա կարծում եմ, որ իմունիտետը պետք է ցմահ լինի, թեեւ դա, իհարկե, պետք է ստուգել»,- տեղեկացրել է Գինցբուրգը՝ պատասխանելով կապիկի ծաղկի դեմ վերապատվաստման անհրաժեշտության մասին հարցին։

Գիտնականը բերել է նոր կորոնավիրուսային վարակի պատվաստման դեպքի օրինակը. նրա խոսքով՝ մարդկանց մոտ, ովքեր պատվաստվել են «Սպուտնիկ V-ի» նախնական տարբերակով «Ուհանի» շտամի դեմ, շատ են այդ շտամը չեզոքացնող հակամարմինները։

«Այդ ժամանակվանից անցել է մոտ չորս տարի, որոնց ընթացքում բոլորի մոտ հակամարմինները պարզապես շատ են, նույնը կլինի կապիկի ծաղկի կամ էլ սեւ ծաղկի դեմ հակամարմինների պարագայում »,- նշել է նա։