Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին

Մանրամասներ
պուտին

Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները:

Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի և Արբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը։ Մոսկվայի և Բաքվի շփումների ծավալը մեծ է։ Եթե ամեն ամիս էլ հանդիպենք, միևնույն է խոսելու բան կլինի»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Իլհամ Ալիևն իր հերթին Վլադիմիր Պուտինին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը։

«Ցանկանում եմ նշել ենթակառուցվածքների ոլորտում մեր ծրագրերը, առաջին տեղում է Հյուսիս-հարավ մայրուղին։ Հնարավորություններ կան այդ թվում՝ էներգետիկայի և արդյունաբերական ոլորտներում»,- շեշտել է Պուտինը: Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ նա բարձր է գնահատել Ադրբեջանում ռուսաց լեզվի ուսուցման նկատմամբ Իլհամ Ալիևի ուշադրությունը:

Ադրբեջանի նախագահը, իր հերթին, ուրախալի է որակել այն փաստը, որ ավելանում են ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկները:

Նա ևս անդրադարձել է Հյուսիս-հարավին: «Վճռական ենք՝ ընդլայնելու միջանցքի ենթակառուցվածքն Ադրբեջանի տարածքում, թեև այն ֆիզիկապես գոյություն ունի, այնուհանդերձ չի համապատասխանում նախագիծն առավելագույնս օգտագործելու՝ մեր գործընկերների և հարևանների մտադրություններին»,- ասել է Ալիևը։

«2022 թվականին դաշնակցային գործակցության հռչակագիր ենք ստորագրել: Արդեն ավելի քան 2 տարի է՝ աշխատում ենք որպես դաշնակիցներ և լավ արդյունքներ ենք ցույց տալիս»,- եզրափակել է Ադրբեջանի նախագահը: