Անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Արթուր Հովհաննիսյանի խոսքից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց

Մանրամասներ
Արթուր Հովհաննիսյան

Ժողովուրդ ջան, ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցեցիներին. Ասում եք՝ սահմանազատումից հետո կիրանցին կհայտնվի ուղիղ նշանառության տակ. այսինքն՝ ասում եք՝ 30 տարի կիրանցին նշանառության տակ չէ, սահմանազատման գործընթացից հետո՞ է հայտնվելու ուղիղ նշանառության տակ: Պարզ է, չէ՞, որ այդպես չէ: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով խորհրդարանում Կիրանցի վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին:

«Ընդդիմությունը եւ նրանց հետ փոխկապակցված խմբակները կատարում են պատվեր իրենց տերերի համար, Կիրանցի գլխին կռիվ բերելու եւ իրենց տերերի համար նոր տեղակայման վայր գտնելու համար: Ասում են՝  Կիրանցից հողեր են հանձնվում, անամոթաբար ստում են: Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է արձանագրություն, ըստ որի՝ Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմանները վերականգնվելու են որպես պետական սահմաններ, հետևաբար ՀՀ սուվերեն սահմաններից ոչ մի միլիմետր չի զիջվելու:

Եթե մարդիկ ասում են՝ մենք հողեր ենք հանձնում, ես ակնկալում եմ, որ այդ մարդիկ գալու են այստեղ և խոստովանեն, որ Խեյրիմլին իրենց հայրենիքն է, որ իրենք ծնվել են Կըզըլ-Հաջիլիում, որ իրենց բարեկամներն ու հարազատները մինչ օրս ապրում են Կըզըլ-Հաջիլիում, Խեյրիմլիում: Թող գան, խոստովանեն: Ինչքա՞ն կարելի է մարդկանց խաբել: Չի կարելի մարդկանց ահաբեկել, անբարոյականի պես գալ էստեղ ստեր հորինել»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա խորհրդարանական ընդդիմությանը մեղադրեց մարդկանց հուզական վիճակի հետ խաղալու համար, ընդգծեց՝ սահմանազատման առաջին շահառուն կիրանցին է, ոսկեպարցին, բաղանիսցին և բերքաբերցին, որոնք չպետք է ապրեն խրամատի՝ ուղիղ իրենց նայող նշանառության տակ, այլ պետք է ապրեն պետական սահմաններով:

«Որևէ մեկը չի կարողանալու խափանել մարդկանց անվտանգ ապրելու իրավունքը, ինչպես Ղարաբաղում խափանեցիք՝ լուծարելով ԼՂ-ն: Ժպտում են պարոն Սեյրան Օհանյանը եւ Արծվիկ Մինասյանը, երբ ասացի, որ իրենք լուծարեցին ԼՂ-ն»,- նշեց պատգամավորը:

Երբ տեղից Արծվիկ Մինասյանն արձագանքեց, թե «սուտ ես ասում», Արթուր հովհաննիսյանն ասաց. «Սուտ ես ասում» չի, իմ հետ դու-ով չխոսեք: Ես ձեզ էլ եմ հորդորում պարոն Օհանյան, հանկարծ չհամարձակվեք դու-ով խոսել: Հարգանքով վերաբերվեք, հավաքեք ձեզ»:

Հովհաննիսյանի այս խոսքերից Արծվիկ Մինասյանը և Սեյրան Օհանյանը տեղից արձագանքեցին ելույթին, ինչից հետո ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նախազգուշացում հայտարարեց Արծվիկ Մինասյանին եւ հանգստանալու կոչ արեց:

Արթուր Հովհաննիսյանը շարունակեց. «Դուք լսե՞լ եք ձեր խմբակցության պատգամավորներն ինչեր են խոսում: Դուք ձեր երեկվա ելույթը լսե՞լ եք, պարո՛ն Մինասյան, որ հիմա համարձակվում եք ինձ ասել, որ ես ձեզ վիրավորում եմ, երբ ասում եմ, որ դուք անբարոյական ստեր եք ասում»:

Արծվիկ Մինասյանը տեղից անընդհատ ինչ-որ բան էր բղավում, Հակոբ Արշակյանը հայտարարեց՝ այսօրվա նիստի ընթացքում Մինասյանը զրկվում է ձայնի իրավունքից:

Արշակյանը խնդրեց Արթուր Հովհաննիսյանին անձնական որակումներ չտալ, խուսափել նման արտահայտություններից, Մինասյանին էլ հորդորեց նիստի ընթացքը չխանգարել:

Արթուր Հովհաննիսյանը շարունակեց. «Շնորհակալություն, որ ինձ խորհուրդ եք տալիս, որ ես չիջնեմ այդ պատգամավորների մակարդակին, բայց ես ոչ թե անձնական րակում էի տալի, այլ ստի բովանդակությունն էի նկարագրում:

Այո, ձեր ձեռամբ է ԼՂ-ն լուծարվել, դուք եք ամեն ինչ արել, հեղաշրջում եք արել, լուծարել եք ԼՂ-ն: Ուղղաթիռով էլ դեսանտ եք իջեցրել Հայաստան ու հիմա փորձում եք էստեղ մի բան անել: Սուտ եմ ասո՞ւմ»:

Դահլիճում իրավիճակը թեժացավ, երբ Հովհաննիսյանը հիշեցրեց երեկվա իր ելույթը, որում ընդդիմությանը մեղադրել էր ԼՂ-ում «պալատական հեղաշրջում» կազմակերպելու համար:

«Հարգելի՛ գործընկերներ, դուք լսե՞լ եք ձեր ելույթները մեր խմբակցության կամ գործընկերների հասցեին: Եթե մենք արձագանքենք ձեզ այնպես, ինչպես դուք մեզ, լավ չի լինելու: Ես հաթաթա չեմ տալիս, ասում եմ՝ գնացեք լսեք ձեր ելույթները: Վերանայեք ձեր խոսույթը, եթե չեք ուզում նույն խոսույթը լսել ձեր հասցեին»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը: