Ուկրաինայի պատերազմի հետևանքով Գերմանիայի տնտեսությունն առնվազն 200 մլրդ եվրոյի կորուստ է կրել

Մանրամասներ
գերմանիա

Ռուս-ուկրաինական պատերազմն ուղղակի ազդեցություն է ունեցել Գերմանիայի տնտեսության վրա՝ էներգակիրների ծախսերի կտրուկ աճի և մատակարարման շղթաների խզման պատճառով. ընդհանուր ծախսերը կազմել են ավելի քան 200 միլիարդ եվրո:

«Ուկրաինայում երկու տարվա պատերազմից հետո Գերմանիայի տնտեսական ծախսերը, հավանաբար, զգալիորեն ավելի բարձր կլինեն, քան 200 միլիարդ եվրոն»,- ասել է գերմանական տնտեսական հետազոտությունների ինստիտուտի (DIW) նախագահ Մարսել Ֆրացշերը՝ Rheinische Post-ին տված հարցազրույցում։

«2022թ. էներգետիկայի գների բարձրացումը 2,5%–ով կամ 100 մլրդ եվրոյով նվազեցրել են Գերմանիայի տնտեսական աճը, որը նույն կերպ շարունակվել է 2023թ. ընթացքում և մինչև օրս»,- նշել է Մարսել Ֆրացշերը։

Գերմանիայի արդյունաբերական ինստիտուտի չհրապարակված զեկույցի համաձայն՝ 2022-23թթ. Գերմանիայի տնտեսության վնասը՝ Ուկրաինայի պատերազմի և կորոնավիրուսի հետհամաճարակային հետևանքների պատճառով, կազմել է 240 միլիարդ եվրո։

Էկոնոմիկայի դաշնային նախարար Ռոբերտ Հաբեկը (Կանաչները) խոստովանել է, որ կառավարության կանխատեսումը ընթացիկ տարում ընդամենը 0,2% աճի մասին է, որը «կտրուկ վատ» զարգացում է։

Հետազոտության մեջ ասվում է, որ եթե ամփոփվեն համավարակի և աշխարհաքաղաքական իրադարձությունների (պատերազմ Ուկրաինայում, մերձավորարևելյան հակամարտություններ) հետևանքները 2020 թվականի սկզբից, ապա տնտեսական աճի ընդհանուր կորուստը կկազմի 4%։ Դա հանգեցրել է սպառման կորստի՝ ավելի քան 400 միլիարդ եվրոյի չափով (մեկ բնակչի հաշվով՝ շուրջ 4800 եվրո):