Ձերբակալելով Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը, Նիկոլ Փաշինյանը հասկացնում է նրան, որ դու ոչ ոք ես: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցի ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
«Նրանք էլ իրենց հերթին ինչ-որ սեպարատ գործընթացներ են իրականացրել՝ փորձելով մարդկայնորեն ազդել, որ մի կնոջ հարց է, եկեք ստորագրություն դրեք խափանման միջոցը փոխելու համար: Փաստորեն ստորագրությունը դրվել է, բայց չի ծառայել իր նպատակին որեւէ առումով: Այսինքն դատախազությունն իր նախաձեռնությամբ է խափանման միջոցոը փոխել: Սա նշանակում է, որ շուտով ՔՊ-ի ներսում կիրականացվեն, այսպես ասած, մաքրազարդման աշխատանքներ»,-ասաց նա:
Անդրադառնալով Փաշինյանի եւ Ալեն Սիմոնյանի հակամարտությանը, քաղաքական վերլուծաբանն ասաց. «Առերեւույթ Նիկոլ Փաշինյանի եւ Ալեն Սիմոնյանի միջեւ խնդիրը կարող է եւ հարթվել: Եթե երկու կողմերից մեկը առավել ուժեղ չէ եւ չի հասցնում մյուսին ուտել, ինքը կարող է առերեւույթ ցույց տալ, որ ամեն ինչ նորմալ է: Զարգացումները կախված կլինեն նրանից, թե որ կողմն է պատրաստ հարվածել մյուսին եւ որ կողմն է կտրուկ ուժեղացել: Եթե հիմա Նիկոլը կտրուկ ուժեղանա, ինքը որեւէ խնդիր չունի Ալեն Սիմոնյանի կոտոշները ջարդելու: Այդ պարագայում կլինեն այլ զարգացումներ: Եթե դեռ ինքը պատրաստ չէ ռեպրեսիաների, դա չի նշանակում, որ դա չի լինի վաղը կամ մյուս օրը:
Եթե հանգուցալուծում չի լինում, այսինքն մեկը մյուսին չի բնաջնջում, ապա դա ավելի է կազմաքանդում թիմը: Նիկոլն էլ, Ալենն էլ դա հասկանում են եւ կսկսվի ներթիմային պայքարի շրջան, ու դա բնական է»:
Հարցին՝ հիմա Նիկոլ Փաշինյանի դիրքերն ամրանո՞ւմ են, թե թուլանում, Կիվիրյանը պատասխանեց. «Բոլորն էլ հասկանում են, որ որեւէ քննիչ ինքնուրույն չէր գնա Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը ձերբակալելու: Այսինքն Նիկոլ Փաշինյանն իր հսկողության տակ է պահում իրավապահ համակարգը: Դա իր ուժեղ կողմն է: Դրանից հետո պարզ է, որ նույն իրավապահ մարմինների միջոցով ոչ միայն ընդդիմադիրների, այլեւ իր թիմակիցների վերաբերյալ հավաքել է կոմպրոմատներ: Այն, որ Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունները սիրում են իրենց թիմակիցների վրա հավաքել կոմպրոմատներ ու կիրառել, դա նորություն չէ»:
0Comments