Մեր պետության հիմքում դրել ենք պատմական արդարության ձգտումը, բայց չենք ձեւակերպել՝ ո՞րն է պատմական արդարությունը, որովհետեւ Հայաստանի տարբեր քաղաքական ուժեր ու խմբեր, գաղափարախոսություններ «պատմական արդարություն» ասելով հասկանում են բոլորովին տարբեր բաներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդհանրապես այս շրջանի մեր կարեւոր անելիքը պետք է լինի ինքնահայեցումը։ Այն ահռելի տեղեկատվությունը, որը մենք հիմա ողբերգական հանգամանքների բերումով ունենք, դա պետք է մշակենք եւ հասկանանք, սկսած մեր անկախության առաջին տարիներից, հետագա զարգացումներից։ Ես այդ մասին խոսել եմ 2020-ին, 2021, 2022-ին։ Նպատակն այն է, որ մենք պետք է դուրս բերեք մեր պետության բովանդակության մեջ առկա ներքին հակասություններն ու հակադրությունները, եւ պետք է առերեսվենք դրանց հետ եւ հասկանանք՝ դա ինչ է նշանակում։ Արձանագրենք, որ քաղաքական տեքստերն ունեն իրականացում, արդյունք եւ հետեւանք։ Նույն հռչակագրի նախաբանում դրված է երեք հիմնական ուղենիշ, որոնցից մեկը հայ ժողովրդի իղձերն են, պատմական արդարությունը, եւ երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Ո՞րն է պատմական արդարությունը, ընդ որում կարող է լինել պատմական արդարության ամենատարբեր մեկնաբանությունները, եւ այդտեղ է խնդիրը։
Մեր պետության հիմքում դրել ենք պատմական արդարության ձգտումը, բայց չենք ձեւակերպել՝ ո՞րն է պատմական արդարությունը, որովհետեւ Հայաստանի տարբեր քաղաքական ուժեր ու խմբեր, գաղափարախոսություններ պատմական արդարություն ասելով հասկանում են բոլորովին տարբեր բաներ։ Ո՞րն է հայ ժողովրդի իղձը․ հայ ժողովուրդը բնակվում է Արգենտինայում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Իրանում եւ Իսրայելում, մենք վստահ ենք, որ այնտեղ ապրող հայ ժողովրդի իղձերը նույնակա՞ն են, մենք համոզվա՞ծ ենք։ Եթե համոզված ենք, դա որտե՞ղ է ձեւակերպված։ Ի՞նչ է նշանակում՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության միավորման մասին որոշումը, մենք մեր քաղաքականությունները կառուցում ենք հետագայում դրա վրա՞, եթե այո, ապա դա նշանակում է՝ մենք ի՞նչ խաղաղության մասին ենք խոսում, նշանակում է՝ խաղաղությունն անհնար է։ Այդ քննարկումը որեւէ կապ չունի ուրիշ մեկի հետ, դա մեր քննարկումն է։ Մեր այսօրվա, վաղվա, մեր ապագայի մասին է»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ստացվում է, որ երբեւէ այն իղձերը, որոնց մասին խոսում ենք, դա մի կյանքի պատմության մասին չէ․ «Այսինքն՝ ես որպես քաղաքացի չեմ ունենալու այդ իղձերի իրականացումը եւ որպես քաղաքացի իմ հիմնարար փաստաթղթում նշված է այն, ինչ իմ մասին պիտի լինի, ես երբեւէ այն չեմ ունենալու, չունենալու բայց դրան ձգտելու խնդիրը պիտի փոխանցեմ նորից հաջորդ սերնդին եւ նա էլ պիտի չունենա»։
0Comments