Մեծ Բրիտանիայի օֆշորային սեփականության ռեգիստրը բացահայտել է Արմեն Սարգսյանի ընտանիքին պատկանող շքեղ գույքեր. Hetq.am

Մանրամասներ
Արմեն Սարգսյան

Թեմզա գետի հյուսիսային ափի Չեյն Ուոք փողոցը Լոնդոնի մեծահարուստներից շատերի բնակատեղին է: Ժամանակին այնտեղ է ապրել «Ջեյմս Բոնդի» հեղինակ Յան Ֆլեմինգը, ինչպես նաև Rolling Stones խմբի առնվազն երկու անդամ:

Հայաստանից OCCRP գործընկեր «Հետքը» 2018-ին բացահայտել էր Չելսի շքեղ թաղամասի այլ բնակիչների․ այն ժամանակ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կինն ու որդիները գրանցված էին այդտեղ հինգ հարկանի աղյուսե մի առանձնատանը: Գույքի իրական սեփականությունը թաքնված էր Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված անհայտ օֆշորային ընկերության հետևում:

Այժմ լրագրողները հայտնաբերել են այդ ընկերության անունը: Ըստ օֆշորային ընկերության փաստաթղթի՝ առանձնատան սեփականատերը Սարգսյանի քույրն է՝ Կարինե Սարգսյանը։ Օֆշորային տարբեր ընկերությունների միջոցով նա Լոնդոնում տնօրինում է չորս այլ թանկարժեք անշարժ գույք, որոնք տասնյակ միլիոն ֆունտ արժեն:

Տարիներ շարունակ այս հինգ ընկերություններին պատկանող սեփականությունը թաքցվում էր հանրությունից։ Բայց 2022-ին Մեծ Բրիտանիան օրենք ընդունեց, որով երկրում սեփականություն ունեցող օֆշորային ընկերությունները պարտավոր էին հայտարարագրել իրենց իրական սեփականատերերին, ինչը լրագրողներին հնարավորություն տվեց բացահայտել, որ Կարինե Սարգսյանը նշված է որպես դրանց սեփականատեր: Արմեն Սարգսյանի երկու որդիները նույնպես նշված են որպես «զգալի ազդեցություն կամ վերահսկողություն ունեցող» անձինք։

«Թափանցիկության նոր կանոնները լույս են սփռում, թե ինչպես աշխարհի քաղաքական առաջնորդները, այդ թվում՝ կառավարման լուրջ խնդիրներ ունեցող երկրների առաջնորդները, գաղտնի օֆշորային ընկերությունների միջոցով մեծ թվով անշարժ գույքեր ունեն Մեծ Բրիտանիայում»,- OCCRP-ին ասել է Transparency International UK-ի՝ Պետությունների և տարածաշրջանների ծրագրերի ղեկավար Ջուլիետ Սվանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։