Թեև Հայաստանի նոր իշխանությունները շատ են բողոքում մամուլի վերաբերմունքից, սակայն նրանք տիրապետում են մեդիա մանիպուլյացիաների թե արհեստին և թե հսկայական ռեսուրսներին։
Հայաստանի հանդեպ ահագնացած հիմնական խնդիրները՝ տնտեսական կոլապսը, անվտանգության ճգնաժամը, նոր կոռուպցիան, պետական կառավարման կատարյալ կորուստը, մամուլում և սոցիալական ցանցերում անհրաժեշտ արձագանք չեն ստանում։ Ձևակերպվող պրոբլեմատիկան տեղը զիջում է շոուներին, երկրորդական կարևորության խնդիրներին, լրատվական աղմուկին, ինչն էլ հանգեցնում է նրան, որ քաղաքացիները պարզապես չեն տեղեկացվում երկրում տիրող իրական վիճակից։
Թեմաներ ու օրինակներ
Տնտեսական խնդիրները միշտ էլ չեն ունեցել անհրաժեշտ լուսաբանումը, ինչը պայմանավորված է այս բնագավառում լրագրողների ցածր գրագիտությամբ։ Եթե նման խնդիրները նախկինում լուսաբանվել են, ապա միայն քիչ թվով մասնագիտացած լրագրողների շնորհիվ կամ էլ իշխանություններից լրատվական արտահոսքերի շնորհիվ։ Այդ լրագրողներն այժմ հիմնականում տեղ են զբաղեցնում իշխանության մեջ և, բնականաբար, թաքցնում են իրենց քննադատական հայացքը, իսկ լրատվական արտահոսքերը այժմ խստորեն վերահսկվում են և պատժվում։
Պարզապես նախանձելի է, թե 2018թ․ բյուջեի թերակատարման և հաջորդ ամսվա հարկերը նախապես հավաքելու վերաբերյալ արտահոսքը ինչ արագությամբ վերացավ մամուլի էջերից։ Արդյունքում այս սկանդալը Հայաստանում տնտեսական ճգնաժամի ակնհայտ արտահայտությունից վերածվեց միջգերատեսչական պայքարի գործիքի։
Անվտանգության վերաբերյալ մտահոգություններն այժմ պայմանավորված են ինչպես ապիկար արտաքին քաղաքականության, այնպես էլ բանակաշինության խնդիրներով։ Բանակաշինության հարցերը քողարկվում են Մանվելի «տուշոնկեքի» նման կեղծ օրակարգով, այն առումով, որ եթե հիմա տուշոնկեք չեն գողանում, ապա բանակի վիճակն արտակարգ է։ Ավելին, շատ արագ լռեցվեցին այս տարվա 1,5 ամսվա ընթացքում զինվորականների մահվան դեպքերը։ Այն թաքցնելը արտառոց իրավիճակ է, որն անթույլատրելի պրակտիկա էր նախանիկոլյան Հայաստանում։
Ինչ վերաբերվում է արտաքին քաղաքական քննարկմանը, ապա այն չափազանց բարդ է, քանի որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ներկայումս խիստ սպորադիկ է՝ առանց հստակ ռազմավարության, թելադրված օրվա խնդիրներով։ Այս համատեքստում դժվար է հասկանալ՝ արդյոք արված քայլն ուղղված է անվտանգության երկարաժամկետ նպատակին, թե միտված է օրվա ներքաղաքական հարցը սպասարկելուն։
Իրավիճակն ավելի են բարդացնում իշխանական սազանդարները՝ իշխանությանը կից «վերլուծաբանները»՝ երբեմն հներից, որոնք անձնական խնդիրների պատճառով ստիպված են սպասարկել իշխանություններին, բայց նաև մեծաքանակ նորահայտ նոր անուններ կան, որոնք լուրջ տեղեկատվական-վերլուծական աղմուկ են առաջացնում, և իրենց մեծաքանակության պատճառով կարող են ճշմարտություն ասողի հավակնություններ ունենալ։
Անվտանգության հիմնական մտահոգությունը, իհարկե, Արցախն է, որը այս իշխանությունների շարունակականության իրական թեստն է։ Կարելի է ասել, որ սա այն երջանիկ բացառություններից է, որ գոնե առաջին «ռաունդում» իշխանություններին չհաջողվեց լռեցնել հասարակության մտահոգությունները, չնայած գործի էին լծվել մամուլը լռեցնելու, կեղծ օրակարգերի, «ֆեյք» վերլուծաբանների, լրատվամիջոցների վրա ճնշումների մեթոդաբանությունները։ Նաև մամուլում բարձրացված մտահոգություններն էին պատճառը (բացի մեր ռեգիոնում լուրջ աշխարհաքաղաքական նոր ջարդվածքից), որ Նիկոլ Փաշինյանը իր բեռլինյան ելույթում «զադնի» դրեց Արցախի հարցի կարգավորման իր պարտվողական տեսակետից։
Այժմ երկրորդ փուլն է, և իշխանություններն ակտիվացրել են նոր մեթոդաբանություններ, և դրանից առաջնայինը վերլուծական-լրատվական աղմուկ ստեղծելն է։ Իշխանական թերթերում հայտնվում են նորահայտ տեսակետներ նորահայտ մեկնաբանների կողմից՝ մեկը մյուսից անհեթեթ։ Մի վերլուծաբան պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկում է վիճելի տարածքների դիմաց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու տարբերակը։ Մեկ այլն էլ այնքան է հեռանում իրականությունից, որ ցինիկաբար հայտարարում է, որ Ղարաբաղը կեղծ օրակարգ է, իսկ այդ թեման քննարկողները Ռոբ ու Սերժ են։ Հասկանալի է, որ ղարաբաղյան բանակցությունները փակ են, ու այդ պատճառով կարող են ծնվել ամենաֆանտաստիկ ենթադրությունները, բայց տրամաբանության հետ աղերս չունեցողներն իրավունք չունեն զանգվածային լրատվամիջոցներում ելույթների, որքան էլ որ լրատվամիջոցները համարվեն իշխանական և հատուկ հասարակությանը մոլորելուն ուղղված։
Իսկ եթե ինչ-ինչ երիտասարդներ պատրաստ են հանուն «վերլուծաբան» կոչվելու խիղճը ծախել իշխանություններին և Սասուն Միքայելյանի նման փորձել հեղափոխության լծակով դեն շպրտել Արցախը, ապա նրանց պատասխանը պետք է լինի հասարակական պարսավանքն ու մարգինալացնելը։
Միաժամանակ, անհրաժեշտ է խոստովանել, որ Հայաստանի անվտանգության հետ կապված մեկ այլ՝ գաղտնալսումների թեմայով, իշխանությունները հասան կատարյալ հաջողության։ Ակնհայտ է, որ գաղտնալսումների տարածումն ուներ արտահայաստանյան բնույթ, սակայն իշխանություններն այս առիթն օգտագործեցին մեդիայի դեմ պատժիչ գործողություններ սկսելու համար։ Թույլատրվեց քննարկել հիմնականում գաղտնալսումների տարածման թեման, իսկ նրա բովանդակությունը, որ շատ ավելի սկանդալային էր, այդպես էլ մեդիան չդարձրեց հիմնական թեմա։ Այս հարցը փակվեց, երբ ԱԱԾ ղեկավարը լրագրողներին «հորդորեց» փակել այն։ Հրապարակումները պարզապես դադարեցին։
Նոր իշխանությունների համար կոռուպցիայի թեման պարզապես կենսական նշանակություն ունի։ Կոռումպացված չլինելը նրանց հիմնական հաղթաթուղթն է հասարակության համար, և կոռուպցիայի հետ կապված ցանկացած բացահայտում գտնվում է նրանց ուշադրության կիզակետում, քանի որ այն սասանում է ռեժիմի հանրային լեգիտիմությունը։ Մամուլ ներթափանցած տեղեկատվությունը Երևանի քաղաքապետի կողմից տասնյակ միլիոններ արժողությամբ տոնածառի ձեռքբերման վերաբերյալ երկար արծարծվեց մամուլի կողմից, քանի որ սա իշխանությունների առաջին բացթողումն էր, սակայն պետք է նշել, որ չնայած այս իրադարձության ակնհայտ կոռուպցիոն բնույթին, բոլոր համապատասխան օրենքների ու պրոցեդուրաների խախտմանը և սարսափելի սոցիալական արձագանքին, ոչ միայն ոչ ոք չպատժվեց դրա համար, այլև համարժեք բացատրություն չտրվեց իշխանությունների կողմից։ Հետագայում թեթև հիշատակումներ եղան քաղաքապետարանի կողմից այլ բարձր կոռուպցիոն ռիսկայնության գործարքների մասին, սակայն նրանց զարգացումը ժամանակին զսպվեց։
Կոռուպցիոն գործարքների շարքից առանձին հնչեղություն ստացավ մանր ու մեծ չինովնիկների պարգևատրումների թեման։ Տեսակետ կա, թե սրա լայն քննարկումը կոչված էր ինֆորմացիոն աղմուկի տակ քողարկել նույն ժամանակ ընթացող ղարաբաղյան բանակցությունները։ Ինչևէ, չնայած լայն հանրային արձագանքին, կրկին որևէ մեկը պատասխանատվություն չկրեց այդ խիստ հնչեղ գործի համար։
Կոռուպցիոն կասկածի մեկ այլ դրսևորում էր «Իմ քայլը» հիմնադրամի հետ կապված գաղտնիությունը, ինչը չէր նպաստում ոչ միայն այդ հիմնադրամի անվանն ու, հետևաբար, նոր նվիրատվություններին, այլև ընդհանրապես խաթարում էր բարեգործության գաղափարը Հայաստանում։ Այս դեպքում նախ հորինվեց մի անհեթեթ պատասխան՝ կապված բանկային գաղտնիքը բացահայտելու անթույլատրելիության հետ, ապա «Իմ քայլի» փոխարեն հրապարակվեց Աննա Հակոբյանի գլխավորած մեկ այլ հիմնադրամի՝ «City of Smile»-ի հաշվետվությունը՝ ակնհայտորեն փորձելով շփոթության մեջ գցել հետաքրքրվողներին։
Դավիթ Սանասարյանի գերատեսչության կոռուպցիոն գործարքների բացահայտումը ԱԱԾ կողմից լուրջ և հնչեղ սկանդալ է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի համար, որովհետև արդեն խոսքը գնում է ոչ թե քաղաքական կոռուպցիայի մասին, ինչը մեր հասարակության շատերի համար պարզապես անհասկանալի ու ընդունելի է, ոչ թե ենթադրությունների, այլ կոնկրետ փողերով կոնկրետ անձանց մասին։ Ամենայն հավանականությամբ այս սկանդալը պարզապես կլռեցվի-կքնեցվի, քանի որ այն սասանում է ռեժիմի չկոռումպացվածությամբ կառուցված լեգիտիմության հիմքերը։
Մեթոդաբանությունը
Մեդիա մանիպուլյացիաների մեթոդաբանությունն ընդհանրացնելով՝ կարելի է նշել մի քանի ընդհանուր ձևեր, որով աշխատում է իշխանությունը ցանկալի հանրային կարծիք ստեղծելու համար։
Դրանցից ամենահաճախ օգտագործվողներից է անհաճո փաստերի վերաբերյալ լռությունը։ Հայաստանի նորօրյա պատմության մեջ երբեք չէր եղել, որ բանակում զոհվածների մասին պաշտոնական հաղորդագրությունները լռեին, մինչդեռ պարզվեց, որ այս տարվա ընթացքում եղել է 4 զոհ, և դրա վերաբերյալ չի եղել պաշտոնական հաղորդագրություն։ Լրագրողներն ու խմբագիրները հաճախ են բողոքում, որ երբեք այսքան դժվար չի եղել պաշտոնական տեղեկատվության ստացումը տարբեր գերատեսչություններից, ինչպես հիմա։
Մեկ այլ մեթոդ է կեղծ տեղեկությունների (մուտիլովկա) տարածումը։ Առավել ուտիլիստական մոտեցումն այն է, երբ հաճախ այն ներկայանում է սկանդալային բացահայտման տեսքով, այնուհետև ինչ-ինչ պատճառներով (ամենայն հավանականությամբ՝ կրկին կոռուպցիոն) այդ փաստերը լռեցվում են։ Նման մեթոդը վաղուց է կիրառվում հայկական մամուլում, նաև այն ժամանակներում, երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս խմբագիր էր։ Օրինակները բազմաթիվ են՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի պատճառ դարձավ նրա բազմամիլիոն սեփականության վերաբերյալ սկանդալային ֆիլմը, այնուհետև բոլորը լռեցին նրա մասին, հայտարարվեց Հ1-ում 2 միլիարդ դրամի չարաշահումների մասին, այնուհետև Ռուբեն Ջաղինյանը շարունակեց հանգիստ պաշտոնավարել, «հին կլիենտի»՝ Սամվել Ալեքսանյանի չարաշահումների վերաբերյալ պարբերաբար հաղորդագրություններ են տարածվում, սակայն հետո լռեցվում են առանց իրավական հետևանքների և այլն։ Նման մեթոդ փորձ արվեց կիրառել նաև ԵՊՀ-ում, երբ հայտարարվեց 800 միլիոնանոց չարաշահումների մասին, սակայն Արամ Սիմոնյանը չընկրկեց շանտաժից, իսկ գումարն էլ իջավ մատից ծծած 13 միլիոնի։
Արդեն նշվեց կեղծ օրակարգերի ստեղծման մեթոդը, որն այս իշխանությունների ամենասիրած տեխնոլոգիաներից է։ Ղարաբաղյան բանակցությունների թեման լռեցնելու համար հրապարակ նետվեց Հայաստանի օրհներգի փոփոխման անհեթեթությունը, որն, իհարկե, ավելի սկանդալային էր, քան մասնագիտական նրբություններով լի խաղաղության բանակցությունները։ Բանակցությունների թեման վերջնականապես թաղելու համար հրապարակ բերվեց պարգևավճարների մասին սկանդալը, ընդ որում հասարակությանը զարմացնում էին գումարների մեծությամբ, առանց բացահայտելու դրա կոռուպցիոն բաղադրիչը։ Ավելին, այն ծառայեցվում էր տրամագծորեն հակառակ նպատակին, ներկայացվում էր որպես կոռուպցիայի բացակայության ապացույց, քանի որ կոռուպցիա չկա, պաշտոնյաները քիչ գումար են վաստակում, ուրեմն ստիպված ենք նրանց հավելավճարներ տալ։
Կիրառվող մեկ այլ մեթոդաբանություն է մեծ երևույթի փոխարեն փոքրի ցուցադրությունը՝ ենթադրելով, որ դրանով արդեն երևույթն ամբողջությամբ ներկայացրել են։ Օրինակ որոշ օլիգարխների՝ Գագիկ Խաչատրյանի, Խաչատուր Սուքիասյանի և այլոց դեպքում ներկայացվեց, թե ինչպես են նրանց թիկնապահներին ոստիկանություն տարել, սակայն չխոսվեց նրանց բիզնեսի օլիգարխիկ բնույթի, կոռուպցիոն գործարքների մասին։ Նման մի իրավիճակ ստեղծվեց Աննա Հակոբյանի ֆոնդերի շուրջ, երբ «Իմ քայլի» փոխարեն ներկայացվեց «City of Smile»-ի հաշվետվությունը, և դրանով հանրային հետաքրքրությունը բավարարվեց։
Հաճախ է օգտագործվում ինֆորմացիոն աղմուկի մեթոդաբանությունը, երբ իրական երևույթը փորձ է արվում լռեցնել նրան մոտ բազմաթիվ երևույթների ներկայացմամբ, որոնք մասնակիորեն պարունակում են ճշմարտության հատիկներ, բայց հիմնականում կեղծ են։ Հենց այս կերպ օլիգարխների հարստությունների վերաբերյալ բազմաթիվ պատմությունների կողքին աննկատ ներմուծվեց նաև մեղավորության կանխավարկածի և «կուլակաթափության» հակաիրավական կատեգորիաները։ Որպես մեկ այլ օրինակ արդեն նշվել է բազմաթիվ տնաբույս մեկնաբանների կողմից ղարաբաղյան կարգավորման տարբերակների անհեթեթ մեկնաբանությունները։
Մեծ կիրառում ունի նաև այսպես կոչված «Օվերտոնի պատուհանի» մեթոդը, երբ փորձարկվում են տարբեր գաղափարներ՝ տեսնելու, թե որքանով են դրանք ընկալվում հասարակության կողմից՝ հետագայում այն ավելի լայնացնելու ու խորացնելու միտումով։ Այս շարքին պետք է դասել Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարությունը՝ թավշյա հեղափոխությունը Արցախի խնդրից գերակա լինելու մասին, մարիխուանայի ու գեյերի օրինականացման մասին հրապարակումները և այլն։
Իհարկե, ներկա իշխանությունները չեն խուսափել այնպիսի «դասական» մեթոդներից, ինչպես լրատվամիջոցների վրա ուղղակի ճնշումներն են։ Հանրությանը լավ հայտնի են համակարգիչներ առգրավելու, ոստիկանների՝ անհեթեթ առիթով խմբագրություններ այցելելու և հետագայում նրանց իրենց ուշադրության ներքո պահելու սպառնալիքները, լրագրողներին հավատարմագրմանը խոչընդոտելը, մամուլի ֆինանսական միջոցներն արգելափակելը և այլն։ Ըստ չճշտված լուրերի՝ մի շարք լրատվամիջոցներ չեն էլ բարձրաձայնել այս մեթոդների մասին և, բնականաբար, ենթարկվում են ճնշմանը։
Կարևոր մանիպուլյացիոն մեթոդ է նաև ֆեյսբուքյան լայվը, որով հաճախ են հանդես գալիս իշխանությունները։ Մի կողմից՝ այն թողնում է անմիջական շփման տպավորություն, մյուս կողմից՝ այն միակողմանի շփում է, և հնարավորություն է տալիս թելադրել սեփական օրակարգը, ինչը հաճախ էապես տարբեր է հանրային օրակարգից։
Վերը ներկայացվեցին իշխանությունների կողմից կիրառվող հիմնական տեխնոլոգիաները, սակայն հաճախ կիրառվում են սրանց համադրությունները։ Նաև պետք է նշել, որ ցուցակն ամբողջական չէ։
Մեդիա ռեսուրսները
Իշխանությունը տիրապետում է հսկայական մեդիա ռեսուրսների։ Հեռուստաընկերություններից նախևառաջ պետք է նշել «մեծ եռյակը»՝ Հ1-ը, «Շանթը» և «Արմենիա TV»-ն։ Անկախ նրանց սեփականատերերից՝ այս հեռուստաընկերությունները միշտ լոյալ են գործող իշխանությունների հանդեպ, թեպետ նրանց մի մասն ավելի քաղաքականացված է, մյուսը՝ ավելի պասիվ։ Կարևոր է, որ այս ալիքները ամենատարածված և ամենառեյտինգային ալիքներն են նախևառաջ որպես ժամանցային, սակայն հեռուստադիտողները սովորում են սրանք դիտել, և ուղեկից քաղաքական հաղորդումները նույնպես մեծ լսարան են ունենում։
Մի այլ խումբ հեռուստաալիքներ, ունենալով նվազագույն քաղաքականացվածություն, նույնպես իշխանությունների վերահսկողության տակ են, ինչպես՝ «ԱԹՎ», «Ար», «Դար 21» և այլն։ Սեփական քաղաքական գիծ ունի «Կենտրոն»-ը, սակայն այն պատկանում է կուսակցությունների հեղափոխական եռյակից ԲՀԿ-ին, և քաղաքական գիծը չի շեղվում իշխանությունից, թեև երբեմն ունենում է սուր, ճշմարտությունը վերհանող հաղորդումներ։ «Երկիր Մեդիան» ևս կուսակցական ալիք է, այն այժմ ունի իշխանականից տարբեր դիրքորոշում։
«Արմնյուզ» կամ «Թերթ․ամ» հեռուստաալիքը դեռևս կայացման փուլում է, և դժվար է հստակորեն կանխատեսել նրա քաղաքական գիծը։ Նույնը պետք ասել «Հ3»-ի մասին։ Ընդդիմադիր հայացքներ է ներկայացնում «TV5»-ը, որը նույնպես դեռ կայացման փուլում է։ Սեփականատիրոջ ձերբակալությունից հետո որոշակի անկախ դիրքորոշում է որդեգրել «Հ2»-ը։
Այսպիսով, հպանցիկ հայացքն իսկ ցույց է տալիս, որ հեռուստաալիքների հիմնական մասը գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ կամ առնվազն լոյալ է իշխանություններին։
Տպագիր թերթերի մասին չարժե առանձին խոսել մի կողմից՝ նրանց մարգինալ տպաքանակի, մյուս կողմից՝ այն պատճառով, որ թերթերը ներկայանում են որպես համապատասխան համացանցային լրատվամիջոցների տպագիր տարբերակները։
Համացանցային լրատվամիջոցներից առանձնացնենք միայն մի քանիսը, և առաջին հերթին «Ազատությունը», որը ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից, սակայն ամբողջովին լծված է հեղափոխության կայացման գործին։ ԱԺ ընտրություններից հետո «armtimes.com»-ը, «armlur.am»-ը, «1in.am»-ը փաստացի դարձան կուսակցական լրատվամիջոցներ, քանի որ նրանց ղեկավարները կամ սեփականատերերը բարձր կուսակցական պաշտոններ են զբաղեցնում։ Որոշակի ներքին փոխանցումներով այս լրատվամիջոցները ներկայացնում են հեղափոխական իշխանությունների դիրքորոշումները։
Համացանցային մի քանի տասնյակ մյուս լրատվամիջոցները բազմազան են, հանդես են գալիս ինչպես չեզոք, այնպես էլ իշխանամետ կամ ընդդիմադիր դիրքորոշումներով։ Այստեղ մանրամասն քննարկումը իմաստ չունի, միայն արժե նշել, որ իշխանությունները ավելի կամ պակաս ազդեցություն ունեն այս երեք խմբերի վրա էլ։ Վերոնշյալից ակնհայտ է դառնում, որ իշխանությունները տիրապետում են հսկայական մեդիա ռեսուրսների, և բողոքները, թե լրատվամիջոցների 90 տոկոսը նախկին իշխանությունների վերահսկողության տակ է, լավագույն դեպքում սեթևեթանքներ են, վատագույն դեպքում՝ մեդիա մանիպուլյացիա։ Միաժամանակ պետք է նկատել, որ մեդիան այժմ չափազանց ինտենսիվ է զարգանում և վերափոխվում, և դափնիների վրա ննջելու դեպքում իշխանությունները կարող են ազդեցության ոլորտից բաց թողնել որոշներին։
Անհրաժեշտ է նշել, որ ըստ չճշտված լուրերի (թեև այն հաստատվում է լրատվամիջոցների գովազդային մոնիթորինգի վերլուծությամբ), իշխանական վերահսկողության տակ են որոշ խոշոր գովազդատուների գովազդային բյուջեները, և իհարկե, սա նույնպես մեդիա վերահսկողության կարևորագույն լծակ է։
Իշխանությունները մեծ ազդեցություն ու ներկայություն ունեն նաև սոցիալական ցանցերում։ Ըստ որոշ լուրերի՝ իշխանությանը կից գործում է 100-120 աշխատակցից բաղկացած խումբ, որը «Ֆեյսբուքում» ներկայանում է բազմահազարանոց «ֆեյքերի» միջոցով և կարևորագույն ազդեցություն է ունենում հանրային կարծիքի ձևավորման վրա։
Աղասի Ենոքյան
0Comments