Իմ անկեղծ համոզմամբ, Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ բարձրացրած աղմուկը հիմնված է Ա) թյուրըմբռնումների վրա, Բ) հանրության ուշադրությունը իրական խնդիրներից շեղելու վրա: Analitik.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը:
Դիլբարյանը կոնվենցիայում որևէ վտանգ ընտանիքին և ազգային պահպանողական ըմբռնումներին չի տեսնում. «Այլ հարց է, որ մեկնաբանություններ կատարելիս կարող են որոշակի արտահայտություններ զուգընկերների և ընտանիքի ըմբռնումների վերաբերյալ մանիպուլացնել»,-նկատեց Դիլբարյանը:
Դա է պատճառը, որ ինքը երկակի մոտեցում ունի. կարևոր է թե ինչ է սպասվում վավերացնելուց հետո և ինչ՝ հակառակ պարագայում:
Դիլբարյանը նաև հիշեցնում է, որ նախորդ իշխանության ներկայացուցիչներն, «ովքեր այսօր կատաղի սրեր են ճոճում այդ կոնվենցիայի դեմ, իրենք են առաջին քայլը կատարել»:
Ժառանգության փոխնախագահն ուսումնասիրել է եվրոպական երկրների փորձը և պարզել, որ եվրոպական որոշ երկրներ չեն ընդունել այս կոնվենցիան՝ անցնելով շատ օրինական ճանապարհով: Ըստ Դիլբարյանի, այդպիսի ճանապարհ է Սահմանադրական դատարանը, որը ցույց է տալիս կոնվենցիայի որոշ դրույթների մեկնաբանությունների հակասումը առկա օրենսդրությանը, և եթե Հայաստանի Հանրապետության արդարադատական համակարգը և մնացյալը վստահ չեն, թե ինչպես կարող են «որոշակի խմբեր շահարկել ընտանիքի և զուգընկերոջ տարըմբռնումները, ապա կարելի է այդ խնդիրը լուծել քաղաքակիրթ ճանապարհով, այսինքն ցույց տալ դրա անհամապատասխանությունը մեր օրենսդրական դաշտին և հրաժարվել»,- պարզաբանեց Դիլբարյանը:
Կոնվենցիայի վավերացման հարցում Ժառանգության փոխնախագահի դիրքորոշումը հստակ է՝ եթե անգամ ամենաճիշտ օրենքը հանրության կողմից սխալ է ըմբռնվում և առաջացնում է մեծ հակազդեցություն, ապա պետք է գնալ այդ օրենքից հրաժարվելու ճանապարհով:
Միաժամանակ Դիլբարյանը գտնում է, որ չպետք է մոռանաl մի շատ կարևոր խնդրի մասին. դա բռնության բացառումն է կանանց հանդեպ. «Անկեղծ լինենք. հատկապես մարզերում մեր կանանց դերը նվազեցված է և կանանց հանդեպ բռնությունը հաճախ ընկալվում է իբրև օրինաչափություն»,- նշեց նա:
Ըստ մեր զրուցակցի, «առանց այդ կոնվենցիայի էլ մենք կկարողանանք համապատասխան օրենսդրությամբ պաշտպանել ընտանիքում և՛ կանանց շահերը, և՛ երեխաների շահերը և, ինչու ոչ, տղամարդկանց շահերը ևս:
Եթե կոնվենցիան հանրության մեջ առաջացնում է այդպիսի փոթորիկներ, կարելի է քաղաքակիրթ ճանապարհով հրաժարվել դրա վավերացումից, հատկապես, երբ նախադեպերը կան: Եվ բոլորովին էլ պետք չէ այս պահին օրենսդրությունn արագ-արագ համապատասխանեցնել Ստամբուլյան կոնվենցիային: Մեր Սահմանադրական դատարանն ամեն հարցով զբաղվում է, բացի նման կարևորագույն խնդրից»:
Նարինե Դիլբարյանը հույս հայտնեց, որ մի օր մենք կունենանք Սահմանադրական դատարան, որի հանդեպ վստահություն կա և որը իսկապես կվերահսկի մեզ առաջարկվող օրենքները, մի Սահմանադրական դատարան, որը «երաշխավորը կլինի և ոչ թե ճգնաժամերի ստեղծողը, հետո էլ այդ ճգնաժամերը առավել խորացնողը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
0Comments