Սիրիայում երկարատև քաոս է կանխատեսվում, քանի որ այնտեղ տարբեր ուժեր, տարբեր դերակատարներ են ներգրավված։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Նվեր Դավթյանը՝ անդրադառնալով Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի իշխանության տապալմանն ու տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իրականական արձագանքին։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին դեկտեմբերի 11-ին հայտարարեց, թե Իրանն ապացույցներ ունի, որ Ասադի վարչակարգի տապալումը ԱՄՆ-ի, Իսրայելի և Սիրիայի հարևան մեկ այլ երկրի ծրագրի հետևանքն է։ Նա վստահություն հայտնեց, որ Սիրիայի երիտասարդությունը կազատագրի երկրի օկուպացված հատվածները` շեշտելով, որ Իրանը պատրաստ էր դիմադրության պայմաններում բոլոր տեսակի միջոցներով աջակցություն ցուցաբերել Սիրիային։
«Սիրիայի ոչ պաշտպանական կարողություններ ցուցաբերելու պայմաններում այդ աջակցությունը դարձավ անհնարին։ Թե ինչու Սիրիան չպայքարեց, կա 2 հանգամանք՝ երկրի սոցիալ-քաղաքական վիճակը և սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։ Առաջին դեպքում Ասադը լիարժեքորեն չմոբիլիզացրեց իր երկրի քաղաքական, ռազմաքաղաքական, կրոնաքաղաքական ուժերի ռեսուրսները, իսկ երկրորդ դեպքում՝ բնակչության ներսում կարող էր իշխանությունների նկատմամբ օբյեկտիվ դժգոհություններ լինել»,- նշեց Դավթյանը։
Իրանագետի խոսքով՝ կան նաև այլ պատճառներ, խոսքն Արևմուտքի և արաբական որոշ երկրների, մասնավորապես Սաուդյան Արաբիայի հնարավոր խոստումների մասին է։
«Եթե Ասադը քաղաքական կամք դրսևորեր, առնվազն հնարավորություն ստեղծեր ընդամենը 4-5 օր դիմադրելու, ապա անհրաժեշտ աջակցությունը նրան կհասներ, բայց զարգացումները շատ սրընթաց կերպով եղան։ Պատճառների մասին տարբեր փաստեր կան, որ ցույց են տալիս՝ կա՛մ գիտակցված, կա՛մ չգիտակցված գուցե հավատացել է արևմտյան կամ արաբական որոշ երկրների խոստումներին, թե հեռու կանգնելով Իրանից, դիմադրության առանցքից, Ռուսաստանից, կարող է երկրի տնտեսական զարգացման համար Արևմուտքից աջակցություն ստանալ, պատժամիջոցները չեղարկվեն»,- ասաց իրանագետը։
Անդրադառնալով հարցին` արդյոք Ասադի իշխանության տապալումը խաղաղություն կբերի Սիրիային, փորձագետը պատասխանեց՝ այդտեղ արդեն հարցը ներքին քաղաքական իրավիճակն է, քանի որ կարող են տարբեր սցենարներ զարգանալ։
Պատճառն այն է, որ տարբեր ուժեր և դերակատարներ են ներգրավված երկրում տեղի ունեցող գործընթացներին՝ հարավում Իսրայելն է տարածքներ օկուպացրել, հյուսիսային շրջաններն էլ կանցնեն Թուրքիայի հսկողության տակ։
Դավթյանը չբացառեց, որ Թուրքիան կարող է նաև նոր ուժեր մտցնել Սիրիա` քրդերի նկատմամբ վերահսկողություն ապահովելու համար` փաստացի ռազմական ներկայություն ապահովելով այնտեղ։ Խոսելով երկրի հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածների մասին` նա ընդգծեց՝ այնտեղ էլ ԱՄՆ-ն է։
«Փաստացի Սիրիայի տարածքում առնվազն 3 նոր ռազմաքաղաքական ուժերի միջև բախումներ են հնարավոր։ Սիրիայում երկարատև քաոս է կանխատեսվում»,- նշեց իրանագետը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա։
0Comments