«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով կարծում է, որ Իրանը պատասխանատու է Հորդանանում գտնվող բազայի վրա հարձակման հետևանքով ամերիկյան զորքերում զոհերի համար, հանձնարարել է իր օգնականներին նախապատրաստել պատասխան հարվածներ Թեհրանին, այդ թվում՝ ռազմական»,- այս մասին գրել է եվրոպական Politico պարբերականը։
Բայդենը, ով, հայտնի է, որ ցանկանում է խուսափել Միացյալ Նահանգներին մեկ այլ մերձավորարևելյան պատերազմի մեջ ներքաշելուց, իր թիմին հանձնարարել է մշակել ռազմական տարբերակներ՝ ի պատասխան շաբաթվա վերջին տեղի ունեցած հարձակման:
Հրատարակությունը հայտնում է, որ Պենտագոնի կողմից քննարկվող տարբերակները կարող են ներառել Սիրիայում կամ Իրաքում իրանցի անձնակազմին հարվածներ հասցնելը կամ Պարսից ծոցում Իրանի ռազմածովային ուժերի թիրախավորումը:
«Պաշտոնյաներն առաջարկել են, որ երբ նախագահը համաձայնություն տա, պատասխանը, հավանաբար, կսկսվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում և ալիքներով կտարածվի մի շարք թիրախների վրա»,- հաղորդում է Politico-ն:
Հրատարակության համաձայն՝ Բայդենը հրամայել է Իրանին պատասխանների մի շարք տարբերակներ ներկայացնել, որոնք վճռականորեն կզսպեն այլ հարձակումները, բայց, միևնույն ժամանակ, կխուսափեն իրավիճակի հետագա բորբոքումից «արդեն մխացող տարածաշրջանում»։
Politico-ն գրում է, որ ԱՄՆ ոչ մի նախագահ չի ղեկավարել «առանց արտաքին ճգնաժամի, բայց ամեն ինչ արագորեն բարդանում է Բայդենի համար»: Հատկապես Մերձավոր Արևելքում հակամարտությունը հանգեցրել է նրա վարկանիշի անկմանը։
«Որոշ դեմոկրատներ ավելի ու ավելի են անհանգստանում, որ Բայդենի նախագահությունը վտանգված է արտերկրում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով»,- գրում է թերթը:
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ մերձավորարևելյան «կրքերն» օրեցօր թեժանում են, և մեծանում է ամերիկյան հարվածի հավանականությունն Իրանի ներկայության դեմ Սիրիայում կամ Իրաքում, քանի որ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ԱՄՆ նախագահ Բայդենը հեղինակությունը պետք է փորձի բարձրացնել, քանի որ Հորդանանի իրադարձություններն անպատասխան թողնելը կդիտարկվի լուրջ թուլություն։
Թեև, ըստ վերլուծաբանի, մյուս կողմից երևում է, որ ԱՄՆ ներկայիս վարչակարգը համարում է, որ պատասխանել պետք է, բայց շահագրգռված չէ այնպիսի պատասխանով, որը երկարատև ապակայունացման մեկնարկ կտա։
«Պաշտոնապես ուղիղ Իրանին թիրախավորելուց զգուշանում են, և դա երևում է։ Կարծում եմ՝ ամենահավանական տարբերակը կլինի օդային հարված Սիրիայում իրանական ուժերի նկատմամբ, և կարծում եմ՝ առայժմ դրանով ամեն բան կսահմանափակվի»,- ասաց Լուկիանովը։
Նա չի կարծում, որ այս դրվագն առանձին և իրանաամերիկյան այս սրացումը կունենան առանձնահատուկ հետևանք Հարավային Կովկասում։
«Հարավային Կովկասն արդեն ապրում է գլոբալ, այդ թվում՝ մերձավորարևելյան անկայունության հետևանքները։ Առաջին անգամը չէ, որ Իրանը և ԱՄՆ-ը այլ տարածքում թիրախավորում են միմյանց, դա առանձնահատուկ նորություն չէ, պարզապես այս անգամ արևմտյան մամուլն առանձնահատուկ ակտիվությամբ և ինտենսիվությամբ անդրադարձավ թեմային, պատճառն էլ, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ նախագահական ընտրություններն են և ներարևմտյան մրցակցությունը»,- ասաց Լուկիանովը։
0Comments