Բելգորոդում կործանված Իլ-76-ում պետք է ՌԴ VIP պաշտոնյաներ լինեին, սակայն վերջին պահին նրանց արգելել են ինքնաթիռ նստել. Ուկրաինայի հետախուզություն

Մանրամասներ
բելգորոդ

Ըստ Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության տվյալների՝ նախօրեին ՌԴ Բելգորոդի մարզում կործանված Իլ-76 ինքնաթիռում պետք է գտնվեին ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն վերջին պահին Անվտանգության դաշնային ծառայությունը արգելել է նրանց ինքնաթիռ նստել:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը՝ հունվարի 25-ին «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությունում, փոխանցում է Թերթը: Նրա խոսքով՝ այս մասին ուկրաինական հետախուզությունը տեղեկացել է միայն Իլ-76-ի վթարից հետո։ Բացի այդ, ուկրաինացի պաշտոնյան ուշագրավ է համարում այն փաստը, որ Բելգորոդի դիահերձարան է տեղափոխվել ընդամենը 5 դի:

«Իսկապես, ագրեսոր պետության ռազմաքաղաքական ներկայացուցչությունից օդանավում պետք է լինեին մի քանի VIP պաշտոնյաներ։ Նրանց անունները հայտնի են և կհրապարակվեն, իսկ նյութերը կտրամադրվեն միջազգային հետաքննության շրջանակում։ Բայց վերջին պահին ԱԴԾ-ն փաստացի հրամայել է նրանց չնստել այդ ինքնաթիռ և օգտվել տրանսպորտի այլ միջոցներից։ Այս տեղեկությունն արդեն ճշտվել է դեպքից հետո։ Դեպքի վայր ժամանած ՌԴ ԱԻՆ-ի ներկայացուցիչներին ԱԴԾ աշխատակիցները փաստացի դուրս են հանել, և նրանց հնարավորություն չի տրվել ստուգում իրականացնել վթարի վայրում», - ասել է նա:

Նախօրեին հայտնի է դարձել, որ Բելգորոդի մարզում ռուսական Իլ-76 ռազմական օդանավ է կործանվել. դրանում եղել է 65 գերի, որոնց նույն օրը պետք է փոխանակեին:

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել փոխանակման նպատակով ուկրաինացի գերիների տեղափոխող Իլ-76 ինքնաթիռի կործանման վերաբերյալ. ըստ դրա՝ «Կիևի ռեժիմը ահաբեկչություն է իրականացրել»: