Ալիևը ելույթն այն մասին էր, որ իրենք ազատ են Հայաստանի դեմ պատերազմ սկսելու համար․ Անդրեաս Ղուկասյան

Մանրամասներ
Անդրիաս Ղուկասյան

Ֆրանսիայի Սենատը  հունվարի 17-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձև է ընդունել։ Կառույցը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքով Ադրբեջանից պահանջել ազատ արձակել այնտեղ պահվող քաղաքացիական և զինվորական անձանց,  ապօրինի պահվող քաղաքական և հասարակական գործիչներին, Արցախի նախկին պաշտոնյաներին։ Նաև վերահաստատել է Հայաստանի տարածքային ամբողջականության անխախտելիությունը, կոչ է արել անհապաղ և անվերապահ դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։

«Հրապարակը» Ֆրանսիայի Սենատի քաղաքական դրդապատճառների, հնարավոր զարգացումների մասին զրուցել է Հայ Կառուցողական կուսակցության ղեկավար, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ։

-Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը գետնի վրա գործող որոշու՞մ է, թե՞ ավելի շատ բարի կամքի դրսևորում։

-Ֆրանսիան, կարելի է ասել, առաջնորդն է եվրոպական պետությունների մեջ՝ Ադրբեջանի դեմ ճնշումների քաղաքականություն սկսելու և այդ առումով սա քաղաքականություն է, մտածված, երկարատև, որն ունի իր նախապատմությունը և ունի իր թիրախային նպատակները։ Իհարկե, աշխարհաքաղաքական գլխավոր նպատակն է դուրս մղել ռուսական ռազմական ներկայությունը Արցախից և սահմանել Արցախի նկատմամբ միջազգային հսկողություն։ Այդ նպատակի իրականացումը Ֆրանսիային, եվրոպական պետություններին հնարավորություն է տալիս այնպիսի առավելություն ստանալ քաղաքականության մեջ և Իրանի, և Ռուսաստանի, և Թուրքիայի նկատմամբ։ Ստացվել է այնպես, որ ով վերահսկում է Արցախը, այս դասավորության մեջ ըստ էության մեծ ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա, բնականաբար մեծ ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա։ Դրա համար դա երկարատև, մտածված և այսպես ասած հեռուն գնացող քաղաքականություն է։

-Նշեցիք, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման առաջնորդը կարծես լինի Ֆրանսիան Եվրամիության շրջանակներում, բայց չէ՞ որ հենց ԵՄ առաջին դեմքերն էին հայտարարում, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չեն կիրառի։ Կարո՞ղ ենք ասել, որ Ֆրանսիան այստեղ Եվրամիությունից անկախ քաղաքականություն է վարում։

-Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան Եվրամիության գլխավոր դերակատարներն են այսօր՝ Բրիտանիայի դուրս գալուց հետո, այդ երեք պետություններն են մեծ հաշվով որոշում Եվրամիության զարգացման ճանապարհը և մեծագույն ազդեցություն ունեն քաղաքականության վրա։ Այսօր ըստ էության, պատահական չի ժամանակը ընտրված՝ հունվար ամիսը, վերջանում է ձմեռվա այն ժամանակահատվածը, երբ էներգակիրների սուր կարիք կա Եվրոպայում և բացվում է հնարավորություն այս հարցում ճնշել Ադրբեջանին՝ օգտագործելով Ադրբեջանի կախվածությունը եվրոպական շուկաներից։ Ադրբեջանը Եվրամիության հինգ անդամ երկրներին վաճառում է գազ՝ Հունաստանին, Ռումինիային, Բուլղարիային, Հունգարիային և Իտալիային, բայց այդ գազի ծավալները այդքան մեծ տոկոս չեն կազմում ընդհանուր սպառման մեջ և գարնանը Եվրամիության պետությունների համար Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը կլինի ավելի քիչ բացասական հետևանքներ ունեցող գործողություն։ Իհարկե մենք գիտենք, որ Հունգարիան ունի իր առանձին դիրքորոշումը և եթե Ձեր հարցի էությանը վերադառնանք, իմ կարծիքով Հունգարիան  է ավելի շատ այն պետությունը, որի մասին կարող եք ասել, որ անկախական քաղաքականություն է փորձում վարել Եվրամիության կազմում և ամեն կերպ աջակցում է Թուրքիային, Ադրբեջանին և Ռուսաստանին։ Այսպես ասած տրոյական ձի է Եվրամիության կազմում, բայց մյուս պետություններն իհարկե ավելի հավատարիմ են ընդհանուր քաղաքականությանը, որի նպատակն է դիմադրել ռուսական ագրեսիային Ուկրաինայում և զսպել Ադրբեջանին, զսպել Թուրքիային՝ իրենց ագրեսիվ նկրտումների մեջ։

-Արդյո՞ք Ալիևը չէր հաշվարկել հնարավոր ռիսկերը․ բավականին ագրեսիվ հռետորաբանություն էին կիրառում Ֆրանսիայի նկատմամբ։ Հետևանքների մասին չե՞ն մտածել, երբ սրում էին հարաբերությունները Ֆրանսիայի հետ, չնայած դժվար թե հարաբերությունները լարված որակել կարողանանք։

-Լարված հարաբերություններ են, որովհետև հեռացնում են դիվանագետներին երկու պետությունները։ Արդեն երկու դիվանագետի Բաքուն արգելեց աշխատել այնտեղ, կան ձերբակալվածներ։ Ֆրանսիան ձերբակալել է Ադրբեջանի լրագրողին, Ադրբեջանը ձերբակալել է ֆրանսիացի քաղաքացիներից մեկին, այսինքն հարաբերությունները ծայրահեղ վատ են հիմա Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև։ Ալիևն իր եույթում բացահայտ ներկայացրեց իր պատկերացումը․ առաջինը, որ ինքը չի ճանաչում ՀՀ իրավունքն՝ ունենալ 29800 քառակուսի կիլոմետր տարածք, երկրորդը, որ Ադրբեջանը չի վախենում պատժամիջոցներից և Եվրամիության շուկաների կորուստից։ Եվ երրորդը, որ ցանկացած պահի պատրաստ է ուժ կիրառել Հայաստանի դեմ, այսինքն պատերազմ վերսկսել Հայաստանի նկատմամբ։ Այս հռետորաբանությունը բնականաբար հետևանքն է այն բանի, որ արդեն վաղուց հասունացել էր այդ խզումը հարաբերությունների՝ Ադրբեջանի և Եվրոպայի միջև և որքանով էր հաշվարկված այդ քաղաքականությունը՝ չեմ կարծում, որ ի սկզբանե 2020 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվում էր Արցախի վրա, իրենք մտադիր էին զոհաբերել իրենց հարաբերությունները Եվրամիության և ԱՄՆ-ի հետ, բայց հետագա զարգացումը կնոֆլիկտի, ԱՄՆ-ի և Եվրամիության դիրքորոշումները Արցախի հարցի վերաբերյալ, ինչից բողոքում է Ալիևը և մեղադրում է, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Եվրամիությունը այսպես ասած խուլ են Ադրբեջանի փաստարկների նկատմամբ, չեն ընդունում Ադրբեջանի այսպես կոչված չակերտավոր ճշմարտությունը և պնդում են հայերի իրավունքները Արցախում, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը և այդ ամենը, իհարկե, Ադրբեջանի համար ոչ բարենպաստ քաղաքական զարգացման մասին է խոսում։

-Արդյո՞ք այդ բանաձևը Ադրբեջանին հետ կպահի Հայաստանի վրա հարձակվելու մտադրությունից։

- Ես կարծում եմ՝ ոչ։ Ալիևը ելույթն այն մասին էր, որ իրենք նույնիսկ եթե կնքեն երկկողմանի ձևաչափով պայմանագիր Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, համարելու են, որ իրենց ձեռքերը ազատ են Հայաստանի դեմ պատերազմ սկսելու համար՝ ելույթից դա է հետևում։ Պետք է նաև հաշվի առնել, որ այդ պատերազմի մեջ շահագրգռված են և Թուրքիան, և իհարկե գլխավորապես Ռուսաստանը, որովհետև Ռուսաստանն ու Ադրբեջանը փոխկապակցված խնդիր ունեն՝ այդ զորքերի դուրսբերման պահը՝ որպես հնարավորություն, ռուսական զորքերին նոր կարգավիճակ շնորհելու և շփման գիծը պահպանելու, այսպես գործառույթը ընդլայնելու միջոց։

-Միյատովիչը նախօրեին հայտարարեց, որ ողջունում են Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականությունը՝ արցախցիներին իրենց ծննդավայր վերադարձնելու ուղղությամբ։ Հակասող չէ՞ մի քիչ, նույն ԵՄ-ում լավ գիտեն, որ ոչ մի հայ չի կարող ապրել այնտեղ, որտեղ կան ադրբեջանցի զինվորականներ։

-Դրա համար 216 կազմակերպություններ Նոր տարուց առաջ հանդես եկան համատեղ ուղերձով՝ միջազգային հանրությանը և միջազգային կառույցներին, որտեղ հինգ գլխավոր պայման ձևակերպեցին արցախցիների կոլեկտիվ վերադարձի համար։ Առաջինը, ինչպես Դուք նշեցիք, դա ադրբեջանական զորքերի դուրս բերումն է Արցախի ողջ տարածքից և ոչ միայն բանակի, այլ նաև ոստիկանության ու իրենց վարչակազմի, երկրորդը՝ այդ տարածքում ՄԱԿ-ի մանդատով միջազգային բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայումն է, երրորդը՝ այդ տարածքի կառավարումը ՄԱԿ-ի վերահսկողության տակ հանձնելն է, չորրորդը, որ ՄԱԿ-ի կառավարման տակ անցնի նաև միջանցքը, որը կապում է Արցախը Հայաստանի հետ և հինգերորդը, որ Ադրբեջանը բացառի ցանկացած քրեական հետապնդում արցախահայերի դեմ և ազատ արձակի բոլոր այն անձանց, ում հիմա պահում է տարբեր պատրվակներով և ում ներկայացնում է քրեական մեղադրանքներ։ Այս պահանջները ենթադրում են, որ ՄԱԿ-ի կառավարումը պետք է ապահովի Արցախում պայմաններ հանրաքվեի միջոցով Արցախի վերջնական կարգավիճակը որոշելու համար։ Այդ մոտեցումը չի համընկնում Ռուսաստանի Դաշնության մոտեցումների հետ։

-Եվ Ալիևի, ով վերջերս հայտարարեց, որ միջազգային օրենքներ չկան։

-Եվ Ադրբեջանի, այո։ Նախկինում Ռուսաստանի Դաշնությունը կողմնակից էր Մադրիդյան սկզբունքներին, բայց սկսած Ուկրաինայում  պատերազմից՝ 2014 թվականից Ղրիմի բռնակցումից հետո, աստիճանաբար սկսեց որոնել Թուրքիայի հետ համագործակցելու ռազմավարական համագործակցություն ունենալու համար եզրեր և Արցախը դարձավ այն զոհը, ում որ Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքիան որոշեցին զոհաբերել հանուն իրենց դարավոր եղբայրության։ Ռուս-թուրքական հարաբերությունների հիմքում, հիշում ենք բոլորս՝ մոսկովյան պայմանագիրն է, որի գլխավոր առարկան 1920 թվականին Հայաստանի տարածքի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի բաժանումն է Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի, Ադրբեջանի միջև։ ըստ էության, այս առումով ռուս-թուրքական հարաբերություններում սա նոր երևույթ չի, սա  վերադարձ է այն մոտեցումներին, այն քաղաքական պրակտիկային՝ հայերի հաշվին լուծել իրենց միջև գոյություն ունեցող խնդիրները, որը որ հարյուր տարի առաջ բոլշևիկներն իրականացրել էին ու այդպիսով մեր ժողովրդի օրինական շահերը ոտնահարել։

«Հրապարակ»