Դուք խոսում եք «տալու» մասին, Ալիևը՝ «վերցնելու». որտե՞ղ է ավարտվելու այդ «տալու» պրոցեսը. Խամոյանը՝ Փաշինյանին. VIDEO

Մանրամասներ
live24-ը ներկայացնում է

Նախ՝ դուք դասղեկ չեք, մենք էլ Ձեր աշակերտները չենք, դասեր մի՛ տվեք. Գովելի կլիներ, որ այսպիսի ոգևորությամբ արձագանքեիք Ալիևին։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Ինձ համար անհասկանալի են այն  անհանգիստ շարժումները, որոնք նկատվում են Ձեր և Ձեր թիմակիցների մոտ՝ ի պատասխան այն պարզ ճշմարտությունների, որ  ձախողել եք։ Դուք ձախողել եք Ձեր իսկ հռչակած խաղաղության օրակարգը։ Դա արձանագրել եք Դուք։

Ընդամենը օրեր առաջ Դուք եք հայտարարել, որ Ալիևի հայտարարությունները լրջագույն հարված են խաղաղության գործընթացին։ Դուք եք հայտարարել, որ Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին։ Դուք եք հայտարարել, որ Ադրբեջանի առաջարկությունները կարդալիով եկել եք եզրակացության, որ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել հետագա պատերազմը։ Սրանք բառացիորեն Ձեր ձևակերպումներն են, Դուք եք ասել։

Դուք և Իլհամ Ալիևը խոսում եք տարբեր բառապաշարներով։ Դուք շարունակ խոսում եք «տալու» մասին, իսկ Ալիևը՝ «վերցնելու»։ Դուք  խոսում եք այսպես կոչված՝ անկլավները, ադրբեջանցի հանցագործներին տալու մասին։ Ի՞նչ է ասում դրան ի պատասխան Իլհամ Ալիևը։

Ինձ հետաքրքիր է, թե ո՞րն է այն սահմանը, մինչեւ որտե՞ղ է ավարտվելու այդ «տալու» պրոցեսը, որովհետև Ադրբեջանը կանգ չի առնելու»,- ասաց Խամոյանը։

Ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Դասղեկի վերաբերյալ Ձեր դիտարկումը լիարժեք ընդունելի է այն ըմբռմամբ, որ դասղեկի բնազդը գլուխ է բարձրացնում այն ժամանակ, երբ դիմացդ տեսնում ես փոքրիկ աշակերտ։ Եթե չենք ուզում դասղեկի բնազդներ արթնացնել, եկեք, լուրջ վերաբերվենք։

Իրականում Ձեր հարցի համար էլ եմ շնորհակալ, որովհետեւ ինձնից արեցիք երեք մեջբերում: Հետո փորձեցիք ինձ վերագրել մտքեր: Եթե ես իրոք Ձեր ասած մտքերն արտահայտած լինեի, Դուք նույն կերպ կշարունակեիք մեջբերումները։ Այն, որ դուք մեջբերումները թողեցիք մի կողմ և ինձ վերագրեցիք բառեր, որոնք չկարողացաք հիմնավորել, արդեն տալիս  է Ձեր հարցի պատասխանը։

Եթե ընդդիմադիրների և դիմադիրների «սոուսը» դնենք մի կողմ, Ձեր հարցի մեջ կա լրջագույն լեգիտիմություն։ Ասում եք ՝ որտեղ ենք կանգ առնելու։ Կանգ է առնվելու  ՀՀ սահմանների լեգիտիմ սահմանների վրա և   լեգիտիմությունն է մեր քաղաքական, դիվանագիտական պաշտպանության ռազմավարությունը:

Ես հույս ունեմ, որ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը դիտավորյալ խաղաղության գործընթացը փակուղի մտցնելը չէ: Ես ինքս եմ արձանագրել, որ Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են դիվանագիտական տարբեր լեզուներով: Ո՞րն է մեր անելիքը. մեր անելիքը դիվանագիտական լեզուները՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, համապատասխանեցնելն է լեգիտիմությանը»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե ո՛րն է ՀՀ-ի լեգիտիմ սահմանը, վարչապետն արձագանքեց. «Ես շատ հստակ գիտեմ՝ որտեղով են անցնում ՀՀ սահմանները, դուք էլ գիտեք, բոլորը գիտեն, և ՀՀ-ն ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ: Այդ սահմանները 1991 թվականի դեկտեմբերի դրությամբ գոյություն ունեցած սահմաններն են, և 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները վեր են ածվել պետական սահմանների:

Եվ նաև սա է պատճառը, որ մենք ասում ենք, որ դելիմիտացիայի գործընթացը նոր սահման չի ստեղծելու, որովհետև արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ այդ սահմանները պետք է վերարտադրվեն քարտեզների վրա, թղթի վրա և տեղանքում՝ համաձայն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի»,- ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ նկատի ունի՝ նախ տարածքը սահմանի վերարտադրության միջոցով պետք է արձանագրվի, վերարտադրվի. «Իսկ սահմանները հայտնի են քաղաքական առումով, տեխնիկական առումով էլ, մեծ հաշվով, հայտնի են, մնում է աշխատանքային պրոցեսի ընթացքում դա վերարտադրել»,- ասաց նա: