Լիդոկաինը կարող է քաղցկեղի բջիջների ինքնաոչնչացման հանգեցնել. Հետազոտություն

Մանրամասներ
առողջություն

Լիդոկաին դեղամիջոցը, որը բժշկական պրոցեդուրաների ժամանակ հաճախ օգտագործվում է որպես տեղային անզգայացնող միջոց, կարող է քաղցկեղի բջիջների ինքնաոչնչացման հանգեցնել: Հետազոտությունը, news.am-ի փոխանցմամբ, հրապարակվել է Cell Reports ամսագրում:

2023 թվականի ապրիլին մի մեծ ուսումնասիրություն ցույց տվեց, որ կրծքագեղձի քաղցկեղի դեպքում գոյատևումը մեծանում է, եթե հիվանդներին նախքան վիրահատությունը  լիդոկաին է տրվել, սակայն այդ ազդեցության մեխանիզմները հայտնի չեն:

Նոր աշխատանքում գիտնականները պարզել են, որ այս դեղամիջոցն ակտիվացնում է դառը համի ընկալիչ T2R14, որն առատորեն առկա է քաղցկեղի տարբեր բջիջներում։ T2R14-ի ակտիվացումը հրահրում է ապոպտոզի գործընթացը՝ քաղցկեղի բջիջների ինքնաոչնչացումը:

Չնայած T2R14-ն օգնում է մարմնին ընկալել բերանի դառը համը, այս ընկալիչի գործառույթը մարմնի այլ բջիջներում պարզ չէ: Կան բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք նույնպես ակտիվացնում են T2R14-ը:

Այժմ նրանք կարող են կիրառություն գտնել քաղցկեղի բուժման մեջ։

«Չնայած մենք չենք ենթադրում, որ լիդոկաինը կարող է բուժել քաղցկեղը, մեզ ոգևորում է այն հնարավորությունը, որ այն կարող է առավելություն տալ գլխի և պարանոցի քաղցկեղի բուժմանը», - նշել են գիտնականները: